Հերթական բարեգործական միջոցառումը «Ավետիսյան» դպրոց-համայնքային կենտրոնում
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում բարեգործական միջոցառումները դարձել են բարի ավանդույթ: Դպրոցի ուշադրության կենտրոնում են հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի հղի մանկավարժները, որոնք էլ ժամանակ առ ժամանակ հրավիրվում են «Ավետիսյան» դպրոցի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների և հեռանում իրենց փոքրիկների համար նախատեսված տարատեսակ նվերներով:
Ապագա մայրիկների հետ հերթական հանդիպումը կազմակերպվել էր Ամանորի նախաշեմին: Դեկտեմբերի 16-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 22 հղի մանկավարժներ, ինչպես նաև կրթության բաժնի աշխատակիցներ էին հրավիրվել «Ավետիսյան» դպրոց: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց գեղեցիկ ֆիլմ` նվիրված նորածինների ճիշտ խնամքին:
Դպրոցի տնօրենությունը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ ապագա մայրիկներին նվիրեց նորածինների համար նախատեսված գլխարկներ և ծածկոցներ:
Նվերները պատահական չէին ընտրված: Հայ նորածիններին գլխարկներ և ծածկոցներ նվիրելու նախաձեռնությունը սկսվել է 2013 թ., երբ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի բնակիչ Բեթի Չերքեզյանը նախաձեռնեց «Գործված է սիրով» ծրագիրը, որի նպատակը հայ նորածիններին անհրաժեշտ պարագաներով ապահովելն էր: Նշենք, որ ծրագիրը Հայաստանում կյանքի է կոչվում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ջանքերով: