Հունիսի 5-ին Հայ Ավետարանչական ընկերակցության դահլիճը դարձյալ տրամադրվել էր  «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի սաներին: Այս անգամ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոցի՝ արևմտահայերենով գործող թատերական խմբակը բեմ էր հանել անվանի երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի սյուժեով իրականացված մի տպավորիչ ներկայացում, որը ջերմորեն ընդունվեց դահլիճի կողմից: Բեմականացման հեղինակն էր Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի նախկին ատենապետ, հալեպահայ հայտնի արվեստագետ, արձակագիր և լրագրող Հակոբ Միքայելյանը, ով վերջին երկու տարում հայրենիքում ղեկավարում է հիմնադրամի կրթահամալիրի արևմտահայերենի դասընթացը և ասմունքի խմբակը:

Ներկայացման հանդիսատեսների մեջ էին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և կրթահամալիրի բարերարներ Էդ. և Փամելա Ավետիսյանները ԱՄՆ-ից,, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը տիկնոջ հետ, կրթահամալիրի կոորդինացիոն խորհրդի անդամ Ռ. Կրիկյանը, մանկավարժներ, ծնողներ, այլ հյուրեր և, իհարկե, աշակերտներ:

«Մեծապատիվ մուրացկանները» կրթահամալիրի ուժերով պատրաստված երկրորդ արևմտահայերեն ներկայացումն է. անցյալ տարի Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի  կապակցությամբ դպրոցի արևմտահայերենի խմբակը բեմականացրեց Արփիար Արփիարյանի  «Կարմիր ժամուց» գործը: