Մարտի 22-ին նշվում է Ջրի միջազգային օրը:  Մարդիկ աշխարհի տարբեր ծագերում կազմակերպվող միջոցառումների միջոցով փորձում են ցույց տալ, որ մտահոգված են Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրներով և ցանկանում են ինչ-որ բան փոխել` նրան օգնելու համար:

Կազմակերպիչները, կարևորելով ջրի կենսական նշանակությունը մարդկային  գործունեության ընթացքում, այս տարվա միջոցառումների համար ընտրել են  «Ավելի լավ ջուր, ավելի լավ աշխատատեղեր» խորագիրը:

«Ավետիսյան» դպրոցը, որը կարևորում է աշակերտների բնապահպանական դաստիարակությունը, չէր կարող չանդրադառնալ այս կարևոր օրվան:    Դպրոցի «Οίκος» էկոակումբը 8-րդ դասարանցիների հետ համատեղ կազմակերպել էր ուսուցողական հետաքրքիր միջոցառում, որի նպատակն էր ցույց տալ, որ խմելու ջրի պաշարներն անսպառ չեն, և մենք պետք է խնամքով օգտագործենք դրանք և  չաղտոտենք:

Էկոակումբի անդամների նկարահանած տեսանյութում   ներկայացվեցին  ջրի կենսական կարևորությունը, դրա  պաշարների նվազման կործանարար նշանակությունը, ինչպես նաև առաջարկվեցին ջուրը խնայելու գործնական խորհուրդներ:

Մեր  ութերորդցիներն էլ «Մկների ժողով» ներկայացման  միջոցով իրենց բնորոշ հումորով ու սրամտությամբ  անդրադարձան վերոնշյալ խնդիրներին:

Սիրելի´ աշակերտներ, խնայենք ջուրը` օգնելով մայր բնությանն ու ինքներս մեզ: