Ավետիսյան դպրոցում 17-րդ անգամ նշվում է սեպտեմբերի 1-ը: Մեզ մոտ, ինչպես և ողջ հանրապետությունում, տոն է, գիտելիքի տոն, կրթության տոն:
Հնչում է ՀՀ օրհներգը, և երկու ութերորդցիներ հպարտությամբ բակ են դուրս բերում Հայաստանի Հանրապետության և Ավետիսյան դպրոցի դրոշները:
Կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին, մաղթում նրանց բեղումնալից ու հետաքրքիր ուսումնական տարի:
Մեր տասներկուերորդցիները ողջույնի սրտաբուխ խոսքով դիմում են առաջին դասարանցիներին, մաղթում, որ Ավետիսյան դպրոցում նրանց մանկությունն ու պատանեկությունն անցնեն նույնքան երջանիկ ու բովանդակալից, որքան հետաքրքիր անցել են իրենց կյանքի 11 տարիները: Դպրոցի սաներին բարի երթ մաղթեց նաև լիբանանահայ արձակագիր, հրապարակախոս Արամ Սեփեթճյանը:
Ահա և ամենահանդիսավոր պահը. Ավետիսյան դպրոցի աշակերտությունը միաձայն երդվում է լավ սովորել, լինել բանիմաց ու պրպտող աշակերտ և հայրենասեր քաղաքացի:
Շնորհավորում ենք բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք և ստեղծագործ ուսումնական տարի: