Փետրվարի 21-ին «Ավետիսյան» դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը:

Դպրոցի հայոց լեզվի ամբիոնը պատրաստել էր գեղեցիկ բեմականացում, որում անդրադառնում էր հայ գրերի գյուտին և դրա ազգապահպան նշանակությանը:

Ներկայացման գլխավոր հերոսները` Զավենը, Նվերը և Ռոբերտը, հանդիսատեսին պատմեցին Մաշտոցի կրած նեղությունների ու հայ գրերի գյուտի գործում կաթողիկոս  Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի դերակատարության մասին:

Բեմականացման մեջ միաձուլվել էին հայ գրերի գյուտի վերաբերյալ Կորյունի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ներկայացրած տեղեկությունները, իսկ նպատակը մեկն էր` ցույց տալ Մաշտոցի սխրանքն ու հայոց գրերի ազգապահպան նշանակությունը:

Միջոցառումը մեր աշակերտներին, ուսուցիչներին ու հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է խոսենք ու մտածենք հայերեն, մաքուր պահենք ու պահպանենք մեր լեզուն, գնահատենք մեր մշակութային գանձը` ոսկեղենիկ հայոց լեզուն:

Հյուրերի թվում էր մեր դպրոցի լավ բարեկամ Անահիտ Բախշյանը, որը շնորհավորեց մեր աշակերտներին իրենց  գեղեցիկ ու համոզիչ խաղի և խոսուն հայրենասիրության համար: