Էկոկառույց

AMAA-ի Ավետիսյան դպրոցը տարածաշրջանում առաջինն է ստացել «Ուժանյութի եւ բնապահպանական նախագծման առաջնորդություն» (Leadership in Energy and Environmental Design, LEED) միջազգային հավաստագիրը:

Սա նշանակում է, որ այն ցուցադրելու է բնական եւ տեխնածին ռեսուրսների արդյունավետ կառավարման փորձը վեց խոշոր ոլորտներում. հարակայուն օբյեկտներ, ջրօգտագործման արդյունավետության, էներգետիկա եւ մթնոլորտ, նյութեր եւ ռեսուրսներ, շենքերի ներսում բնապահպանական որակ եւ նորարարություն՝ ապահովելով համակեցություն շրջակա միջավայրի հետ: Դպրոցի համալիրը սեյսմիկ կարաններով բաժանված է 7 մասնաշենքի: Նրա շինարարությունն ավարտված է Կոպենհագենի UN City-ի նմանությամբ: Դպրոցական համալիրի բոլոր շենքերը անկախ եւ փոխկապակցված են սեյսմակայուն միացումով: Նախագծային այսպիսի լուծումը շենքերից յուրաքանչյուրին երկրաշարժի դեպքում թույլ է տալիս ցնցվել փոխկախյալաբար:

Շինարարության եւ շահագործման փուլերում էներգախնայող եւ բնապահպանորեն մաքուր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, ըստ ՄԱԶԾ-ի (ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի) գնահատականի, շենքի էներգասպառումը կկրճատվի 30 տոկոսով, ինչը գերազանցում է ԵՄ եւ ԱՄՆ նույնիսկ ամենախիստ պահանջները: Դպրոցն ունի արեւային եզակի մի համակարգ, որ կարող է ջերմություն, տաք ջուր եւ հոսանք ապահովել օդորակման համար: Աշխարհում ոչ մի տեղ դեռեւս չի հաջողվել համատեղել այս երեքը:

10394123_706900639393732_3601527860297017456_n«Աննենբերգ» հիմնադրամի հովանավորության շնորհիվ շենքերի տանիքում տնկած խոտը, ծառերը եւ նույնիսկ բանջարեղենը ապահովում են ջերմամեկուսացում, ջեռուցման եւ զովացման նվազ ծախսատարություն: Տանիքի ամենաուշագրավ եւ խնայողական առանձնահատկությունը ջրապահպանումն է. անձրեւաջուրը խողովակով տանիքն ի վար հոսում է դեպի ստորգետնյա զտման կայանք, որտեղ ջուրը զտվում եւ կուտակվում է ստորգետնյա հսկա ավազանում:

Ամբարված ջուրն այնուհետեւ օգտագործվում է կանաչ գոտիները, թփուտները, մարզադաշտի խոտածածկը ջրելու, զուգարանների լվացման համար: Դալար տանիքի սիզամարգը օգնում է նաեւ մեղմել հորդառատ ջրահոսքը, որը կարող է հեղեղել կոյուղին եւ ապականել կից գործող ջրուղիները: Աշակերտներն իրենք կարող են ջրել, խնամել կանաչ գոտին եւ գործնականորեն դիտել, հետեւել բույսերի աճին: