• (374) 060-70-44-70

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի էներգախնայող և բնապահպանական բնութագրերը

1

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) 1998թ.-ից գործող Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի (գործարկվում է «Հայ կրթություն» հիմնադրամի կողմից) համար կառուցում է նոր շենք: Դպրոցի նոր շենքը տեղակայված է Երևանի Հարավ- Արևմտյան թաղամասում (ՀԱԹ): Նոր կառուցվող շենքը կունենա բարձր սեյսմիկ կայունություն, շրջակա միջավայրում կստեղծի նվազագույն աղտոտվածություն, ուսումնական տարածքները կլինեն մեծ և զինված ուսումնական նորագույն տեխնոլոգիաներով:

Նոր կառուցվող Ավետիսյան դպրոցը հավակնում է միջազգային LEED (Leadership in Energy and Environmental design, https://new.usgbc.org/leed, առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) հավաստագրին, որն իր հերթին ենթադրում է տարբեր էներգախնայող և բնապահպանության առումով մաքուր տեխնոլոգիաների կիրառություն դպրոցի կառուցման և շահագործման ընթացքում: Դպրոցը հավակնում է LEED արծաթ (LEED Silver) հավաստագրին, որը ենթադրում է բազմաթիվ նախապայմանների և կրեդիտների պարտադիր կատարում՝  որոնք ստուգվում են միջազգային հատուկ հսկող մարմինների կողմից:

LEED հավաստագիրը ստեղծված է «ԱՄՆ-ի կանաչ շենքերի կոնսուլի» (USGBC)-ի կողմից, վերահսկվում է կանաչ շենքերի հավաստագրման ինստիտուտի կողմից (GBCI) և գոյություն ունեցող հավաստագրերից ունի ամենախիստ պահանջները՝ շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության տեսանկյուններից: Ամբողջ աշխարհում արդեն նման կերպով հավաստագրվել և հավաստագրվում են տասնյակ հազարավոր շենքեր:

2Կառուցվող շենքը կլինի առաջինը Հայաստանում և Հարավային Կովկասում, որ կստանա LEED հավաստագիր:

Այժմ՝ դպրոցի շինարարության նախնական փուլում, համաձայն հավաստագրի ստացման նախապայմանների, արդեն իրականցվել են շինարարությունից անձրևաջրերի, նստվածքների, փոշու  հեռացման, տարբեր տեսակի աղբի դասակարգման և հողի էրոզիայի կանխման բազմաթիվ աշխատանքներ:

LEED-ի ընդհանուր նպատակն է հնարավորինս պահպանել շրջակա միջավայրը և ապահովել զգալի էներգախնայողություն՝  այլ կառուցվող շենքերի համեմատ: Էներգախնայողության ապահովումն ինքնին հանգեցնում է ածխածնի երկօքսիդի և ջերմոցային այլ գազերի նվազեցմանը՝  ապահովելով կլիմայի փոփոխության կանխում և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում:

Հավաստագրի ստացումը ենթադրում է աշակերտների համար լավագույն ուսման և առողջապահական պայմանների ապահովում: Պահանջների մեջ մտնում է օդափոխության բարելավված աստիճանի, աղմուկի նվազագույն  մակարդակի,  դրսի տեսարանների և առավելագույն քանակությամբ բնական լույսի ապահովում: Շինարարության ընթացքում հիմնականում օգտագործվելու են էկոլոգիապես մաքուր նյութեր, որը ևս կնպաստի կենսանվտանգության բարձր մակարդակի ապահովմանը:

Ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման մեջ կիրառվելու են արդի էներգախնայող տեխնոլոգիաներ:

Շենքի էներգետիկ ծախսերը կրճատելու նպատակով օգտագործվելու են արևային ջրատաքացման և արևային ֆոտովոլտային (էլեկտրականության) տեխնոլոգիաներ: Մասնավորապես նախատեսվում է 100 կվտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչների ներդրում  շենքի տաք ջրի մատակարարման ցանցին և 10 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային մոդուլների ինտեգրում քաղաքային էլեկտրական ցանցին:

11889944_593722644100084_2039256398194790358_oԱմբողջ շենքում նախատեսվում է  ժամանակակից լուսադիոդային խնայող լամպերի կիրառություն, իսկ շենքի ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով դրսից այն ամբողջովին կպատվի հաստ և ջերմամեկուսացման բարձր գործակից ունեցող ջերմամեկուսիչներով:

Դպրոցի տանիքը ամբողջովին բաղկացած կլինի սպիտակ (անդրադարձնող) և բուսականությամբ կանաչապատված մասերից, որոնք կնպաստեն անձրևաջրերի կլանմանը և տանիքից ջերմային կորուստների նվազեցմանը:

Ըստ կառուցված էներգետիկ մոդելի` վերը նշված բոլոր էներգախնայող տեխնոլոգիաները կօգնեն, որպեսզի շենքը սպառի մոտ 30% ավելի քիչ էներգիա, քան նախատեսված է այժմյան ամենախիստ ամերիկյան չափորոշիչներով:

Կանաչապատված հատվածների ոռոգման ջրի առնվազն 50%-ը կապահովվի հատուկ պահեստային տակառներում կուտակված անձրևաջրերի միջոցով:

Կօգտագործվեն ջրի սպառման հայտնի ամենախնայող սարքերը, ինչը կապահովի մոտ 40% խմելու ջրի խնայողություն:

Հուսով ենք, որ այս շենքը կառաջացնի նմանօրինակ այլ շինարարական նախագծերի իրականացում ևս, և ավելի շատ կկառուցվեն այնպիսի շենքեր, որոնք կնվազեցնեն վնասակար արտանետումները շրջակա միջավայր, կապահովեն բնակության համար էկոլոգիապես մաքուր պահանջներ և ընդհանրապես կնվազեցնեն մարդու ազդեցությունը բնության վրա:

 

Հոդվածը կազմեց

LEED կանաչ անդամ, տ. գ.թ.,

Ավետիսիան ավագ դպրոցի LEED խորհրդատու՝ Արմեն Ղարիբյանը