• (374) 060-70-44-70

img012Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցն ստեղծելու մտահղացումը կապված է Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների, նրանց որդու՝ Էդվարդ Ավետիսյանի, նրա կնոջ՝ Փամելա Ավետիսյանի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 1987-2000 թթ. գործադիր տնօրեն վերապատվելի դոկտոր Մովսես Ճանպազյանի անվան հետ:

Այո՜, դպրոցը կյանքի ուղեգիր ստացավ այս նվիրյալ անձանց տեսիլքի և համառ ջանքերի շնորհիվ: Առանձնապես նշենք նաև ԱՀԱԸ -ի 1994 – 2011թթ.  Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանի անունը, որը ՀՀ պետական տարբեր ատյաններում կարողացավ հիմնավորել դպրոցի ստեղծման կարևորությունը և Երևանի Հարավ Արևմտյան թաղամասում ձեռք բերել կրթահամալիրի նախկին շենքը, որտեղ հիմնված կրթօջախում արդեն 15 տարի շարունակ կրթություն և դաստիարակություն են ստանում հարյուրավոր երեխաներ: 1999 թվականի սեպտեմբերի 20-ին հանդիսավոր պայմաններում բացվեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը, որի նպատակն է` կրթել ու դաստիարակել հայ ազգի այսօրվա և վաղվա սերունդներին:

Դպրոցում սովորող երեխաները ստանում են բազմակողմանի կրթություն, հայեցի և քրիստոնեական լավագույն դաստիարակություն, վայելում են ուսուցիչների և դաստիարակների հարգանքն ու սերը: Այդ ամենը նպաստում է մանուկ, պատանի և երիտասարդ հայ անհատի նկարագրի, բարոյական բարձր կերպարի ձևավորմանը:

Դպրոցի գոյությունը Հայ Ավետարանչական ընկերակցության առաքելությունից, որի մեկ բաղկացուցիչն է երեխաների լիարժեք և որակյալ կրթությունն ու նրանց ապագայի հոգսը: Պակաս կարևոր չէ նաև ներկայիս դժվարին պայմաններում դպրոցում 60 անձանց աշխատանքով ապահովելը:img019

Հիմնական դպրոցն արդեն 5-րդ սերունդն է ճանապարհում դեպի կյանք: Շրջանավարտները իրենց կրթությունը շարունակում են Հայաստանի բուհերում, դարձել են օրինակելի քաղաքացիներ:

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը տարբեր առիթներով արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շնորհակալական նամակների, պատվոգրերի և խրախուսական տարբեր շնորհակալագրերի:

2004 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշակերտների կրթության և դաստիարակության գործում ունեցած
մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության և ուսուցչի օրվա կապակցությամբ, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում պատկառելի ավանդի համար որպես լավագույն տնօրենի՝ նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:

img018Դպրոցը սերտ կապերի մեջ է հայաստանյան ստեղծագործական միությունների հետ, որոնց հետ պարբերաբար կազմակերպվում են համատեղ միջոցառումներ:

Անցած 15 տարիներն ապացուցեցին, որ կրթօջախը կարողացել է պահել և զարգացնել ուսումնական համակարգի` տասնամյակների ընթացքում մշակված լավագույն սկզբունքները, կարողանում է իր գործունեության մեջ ներառել մասնավոր կրթօջախների համաշխարհային փորձը և դրա շնորհիվ դարձել է լավագույններից մեկը Հայաստանի կրթական համակարգում: Այսօր կրթօջախի նորակառույց մանկապարտեզի բաժնում սովորում է 40, իսկ դպրոցական բաժնում` 287 երեխա:

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը ղեկավարվում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի միջոցով: