Ազգային դպրոցին՝ ազգային տոներ. սա մեր հավատամքն է
Ամենաազգային, ամենաերջանկաբեր: Այսպես է բնորոշվում Բարեկենդանը՝ հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու դարավոր հավաքական տոնը: Բացի եկեղեցական տոնացույցի խորհրդից (տոնին հաջորդում է Մեծ պահքը), այն խորհրդանշում է բնության զարթոնքի ու գարնանամուտի ուրախությունը մեր ազգի կյանքում, առատությունը հայ ընտանիքում, չհնացող հարգանքն ու սերը ազգային ավանդույթների հանդեպ:
Զուռնա-դհոլի ուղեկցությամբ, կարմիր ուղեգորգի վրայով, երգ ու պարով Ավետիսյան դպրոց է «մտնում» Բարեկենդանը: Ազգային նվագարանների տոնական հնչյունները դասարաններից դուրս է կանչում աշակերտ-ուսուցիչներին: Համաժողովրդական սիրված տոնին մասնակցում է ամբողջ դպրոցը՝ մեծից փոքր: Ահա՛ Ուտիս տատը, որ օրհնանքներով, մաղթանքներով, քաղցր երգով ողջունում է բոլորին: Ու սկսվում է տոնը՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով՝ ուրախ խաղիկներով, զվարճալի ներկայացումներով, պարերով, մրցումներով… Ավանդույթի համաձայն՝ իր տաղանդն ու շնորհքն է ցուցադրում, ով ինչպես կարող է՝ պարան ձգելով, շուրջպար բռնելով, դհոլ զարկելով, «խանին ծեծելով»…
Տոնակատարությունն ինքնահոսով շենքից տեղափոխվում է բակ, որտեղ բոլորը շունչները պահած հետեւում են լարախաղացի ճարպիկ հնարքներին: Պարի սիրահարները չեն դիմանում պարեղանակի գայթակղիչ կանչին, եւ լարախաղացի ոտքերի տակ՝ աջից ու ձախից, խումբ առ խումբ, շրջան առ շրջան, ծավալվում է ազգային շուրջպարը:
Իսկ ներսում՝ լուսավոր եւ ընդարձակ նախասրահում, արդեն պատրաստ են առատության սեղանները…
Բարեկենդանի տոնը Ավետիսյան դպրոցում շարունակվեց դեռ երկար-երկար…
Տոնակատարության նախաձեռնող հայոց լեզվի եւ գրականության մեթոդական միավորման առաջարկներն ու ծրագիրը ի սկզբանե արժանացան դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի համակողմանի աջակցությանը, դեռ ավելին. տնօրենը նոր գաղափարներով եւ մտահղացումներով միացավ իր ուսուցիչներին, եւ արդյունքում ստացվեց մի անմոռանալի տոն:
Միջոցառման ամբողջ ընթացքում կարգուկանոնին հետեւում էր աշակերտական խորհուրդը: Պատանի օրինապահները գերազանց կատարեցին իրենց վստահված պատասխանատու գործը:
Տոնի նախապատրաստությանը մեծ սիրով մասնակցեց ծնողական հասարակությունը: