Տնօրեն

ՍԱՐԻՆ ԽԱՉԻԿՅԱՆ

Ունենալով կրթական կառավարման, խորհրդատվության եւ դպրոցների վերակազմավորման ավելի քան 30 տարվա փորձ՝ Սարին Խաչիկյանը մասնակցել է բազմաթիվ ծրագրերի՝ աշխատելով էթնիկ, կրոնական եւ սոցիալ-տնտեսական տարբեր միջավայրեր ներկայացնող համայնքների հետ։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա աշխատել է Բեյրութում, Աքքարում, Հասբայայում, Աբու Դաբիում, Դուբայում, Շարժայում եւ այլուր։

Սարինն իր մանկավարժական գործունեությունը սկսել է ՀԲԸՄ Կարմիրյան վարժարանում։ Ութ տարի անց՝ 28 տարեկանում, նա նշանակվել է այն նույն կրթական հաստատության տնօրեն, որտեղ սկսել էր աշխատել որպես ուսուցիչ։ Չորս տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո նա երկու ուսումնական տարի զբաղեցրել է «Ռաուդա» ավագ դպրոցի տարրական բաժնի տնօրենի պաշտոնը։

ԱՄԷ-ում Աբու Դաբիի կրթական խորհրդի պետական-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում SABIS կազմակերպությունում որպես կրթության որակի վերահսկող կարճ ժամանակ աշխատելուց հետո՝ 2007 թվականին Սարինն աշխատանքի է անցել Rearden Educational-ում։ Մեկ տարի անց նա նշանակվել է կազմակերպության խորհրդատվության եւ մասնագիտական զարգացման բաժինների ղեկավար։

2008–2020 թվականներին Սարինը ղեկավարել է մի շարք ծրագրեր, որոնք օգնել են դժվարին պայմաններում գործող դպրոցներին վերականգնել իրենց գործունեությունը, ապահովել ֆինանսական կայունություն, բարձրացնել կրթական չափանիշները եւ ընդլայնել համայնքի հետ համագործակցությունը։

2024 թվականին նա ղեկավարել է Բեյրութի Հայ ավետարանական կենտրոնական վարժարանի հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում այն դարձել է Լիբանանում գործող առաջին հայկական կրթական հաստատությունը, որը միջազգային հավատարմագրում է ստացել MSA-CESS (Middle States Association Commissions on Elementary and Secondary Schools) կազմակերպության կողմից։

Նախքան կրթահամալիրի տնօրենի պաշտոնն ստանձնելը, Սարին Խաչիկյանը միացել է AMAA-ի Երեւանի Ավետիսյան դպրոցի թիմին որպես ակադեմիական ղեկավար։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Սարինն ակտիվ մասնակցություն է ունենում հայկական համայնքի կյանքում։ 2019–2025 թվականներին նա ընդգրկված է եղել Լիբանանի Ջինիշյան հիշատակի հիմնադրամի խորհրդատվական հանձնաժողովում՝ սկզբում որպես անդամ, ապա՝ փոխնախագահ։ 2023–2025 թվականներին նա նաեւ եղել է ՀԲԸՄ Անդրանիկ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ։

1996–2008 թվականներին Սարինը հանդես է եկել Լիբանանի Անդրանիկ երիտասարդական միության «Վահրամ Փափազյան» թատերախմբում՝ հիմնականում մարմնավորելով գլխավոր դերեր։ 2003 թվականին Երեւանում նա արժանացել է համահայկական «Վահագն» մրցանակին՝ որպես տարվա լավագույն հայ դերասանուհի։