Շենքի յուրահատկությունները

AMAA-ի Ավետիսյան դպրոցի էներգախնայող եւ բնապահպանական բնութագրերը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) 1998թ.-ից գործող Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի (գործարկվում է «Հայ կրթություն» հիմնադրամի կողմից) համար կառուցում է նոր շենք: Դպրոցի նոր շենքը տեղակայված է Երեւանի Հարավ- Արեւմտյան թաղամասում (ՀԱԹ): Նոր կառուցվող շենքը կունենա բարձր սեյսմիկ կայունություն, շրջակա միջավայրում կստեղծի նվազագույն աղտոտվածություն, ուսումնական տարածքները կլինեն մեծ եւ զինված ուսումնական նորագույն տեխնոլոգիաներով:

Նոր կառուցվող Ավետիսյան դպրոցը հավակնում է միջազգային LEED (Leadership in Energy and Environmental design, https://new.usgbc.org/leed, առաջնորդություն շրջակա միջավայրի եւ էներգետիկ նախագծման համար) հավաստագրին, որն իր հերթին ենթադրում է տարբեր էներգախնայող եւ բնապահպանության առումով մաքուր տեխնոլոգիաների կիրառություն դպրոցի կառուցման եւ շահագործման ընթացքում: Դպրոցը հավակնում է LEED արծաթ (LEED Silver) հավաստագրին, որը ենթադրում է բազմաթիվ նախապայմանների եւ կրեդիտների պարտադիր կատարում՝ որոնք ստուգվում են միջազգային հատուկ հսկող մարմինների կողմից:

LEED հավաստագիրը ստեղծված է «ԱՄՆ-ի կանաչ շենքերի կոնսուլի» (USGBC)-ի կողմից, վերահսկվում է կանաչ շենքերի հավաստագրման ինստիտուտի կողմից (GBCI) եւ գոյություն ունեցող հավաստագրերից ունի ամենախիստ պահանջները՝ շրջակա միջավայրի պահպանության եւ էներգախնայողության տեսանկյուններից: Ամբողջ աշխարհում արդեն նման կերպով հավաստագրվել եւ հավաստագրվում են տասնյակ հազարավոր շենքեր:

Կառուցվող շենքը կլինի առաջինը Հայաստանում եւ Հարավային Կովկասում, որ կստանա LEED հավաստագիր:

Այժմ՝ դպրոցի շինարարության նախնական փուլում, համաձայն հավաստագրի ստացման նախապայմանների, արդեն իրականցվել են շինարարությունից անձրեւաջրերի, նստվածքների, փոշու հեռացման, տարբեր տեսակի աղբի դասակարգման եւ հողի էրոզիայի կանխման բազմաթիվ աշխատանքներ:

LEED-ի ընդհանուր նպատակն է հնարավորինս պահպանել շրջակա միջավայրը եւ ապահովել զգալի էներգախնայողություն՝ այլ կառուցվող շենքերի համեմատ: Էներգախնայողության ապահովումն ինքնին հանգեցնում է ածխածնի երկօքսիդի եւ ջերմոցային այլ գազերի նվազեցմանը՝ ապահովելով կլիմայի փոփոխության կանխում եւ շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում:

Հավաստագրի ստացումը ենթադրում է աշակերտների համար լավագույն ուսման եւ առողջապահական պայմանների ապահովում: Պահանջների մեջ մտնում է օդափոխության բարելավված աստիճանի, աղմուկի նվազագույն մակարդակի, դրսի տեսարանների եւ առավելագույն քանակությամբ բնական լույսի ապահովում: Շինարարության ընթացքում հիմնականում օգտագործվելու են էկոլոգիապես մաքուր նյութեր, որը եւս կնպաստի կենսանվտանգության բարձր մակարդակի ապահովմանը:

Ջեռուցման, հովացման, օդափոխության եւ ջրամատակարարման մեջ կիրառվելու են արդի էներգախնայող տեխնոլոգիաներ:

Շենքի էներգետիկ ծախսերը կրճատելու նպատակով օգտագործվելու են արեւային ջրատաքացման եւ արեւային ֆոտովոլտային (էլեկտրականության) տեխնոլոգիաներ: Մասնավորապես նախատեսվում է 100 կվտ հզորությամբ արեւային ջրատաքացուցիչների ներդրում շենքի տաք ջրի մատակարարման ցանցին եւ 10 կվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային մոդուլների ինտեգրում քաղաքային էլեկտրական ցանցին:

Ամբողջ շենքում նախատեսվում է ժամանակակից լուսադիոդային խնայող լամպերի կիրառություն, իսկ շենքի ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով դրսից այն ամբողջովին կպատվի հաստ եւ ջերմամեկուսացման բարձր գործակից ունեցող ջերմամեկուսիչներով:

Դպրոցի տանիքը ամբողջովին բաղկացած կլինի սպիտակ (անդրադարձնող) եւ բուսականությամբ կանաչապատված մասերից, որոնք կնպաստեն անձրեւաջրերի կլանմանը եւ տանիքից ջերմային կորուստների նվազեցմանը:

Ըստ կառուցված էներգետիկ մոդելի` վերը նշված բոլոր էներգախնայող տեխնոլոգիաները կօգնեն, որպեսզի շենքը սպառի մոտ 30% ավելի քիչ էներգիա, քան նախատեսված է այժմյան ամենախիստ ամերիկյան չափորոշիչներով:

Կանաչապատված հատվածների ոռոգման ջրի առնվազն 50%-ը կապահովվի հատուկ պահեստային տակառներում կուտակված անձրեւաջրերի միջոցով:

Կօգտագործվեն ջրի սպառման հայտնի ամենախնայող սարքերը, ինչը կապահովի մոտ 40% խմելու ջրի խնայողություն:

Հուսով ենք, որ այս շենքը կառաջացնի նմանօրինակ այլ շինարարական նախագծերի իրականացում եւս, եւ ավելի շատ կկառուցվեն այնպիսի շենքեր, որոնք կնվազեցնեն վնասակար արտանետումները շրջակա միջավայր, կապահովեն բնակության համար էկոլոգիապես մաքուր պահանջներ եւ ընդհանրապես կնվազեցնեն մարդու ազդեցությունը բնության վրա:

 

Հոդվածը կազմեց

LEED կանաչ անդամ, տ. գ.թ.,

Ավետիսյան ավագ դպրոցի LEED խորհրդատու՝ Արմեն Ղարիբյանը