24.04.2023
Դպրոցի դահլիճում
«Ապրիլի 24-ը մեր խոնարհումի եւ անմեղ նահատակների ոգեկոչումի խորհրդանշական օրն է, սակայն իրականում մեր ամեն մի օրը լեցուն է հայոց անմեղ նահատակների հիշատակով, արդարության վերականգնման, մեծ ոճրագործության դատապարտման պահանջով»: Հայոց Մեծ եղեռնի 108-ամյա տարելիցին նվիրված երգ-ասմունքի բեմականացված դրվագն այսպես ամփոփեց Ավետիսյան դպրոցի թատերախմբի ղեկավար, հայտնի գրող եւ բեմադրիչ Հակոբ Միքայելյանը: Ցեղասպանված հայության մի բեկոր, մեծ արհավիրքից հրաշքով փրկված որբերի զավակ պարոն Հակոբի (այդպես են նրան սիրում դիմել ավետիսյանցիները) պատգամն էր պատանի սերնդին՝ ճիշտ ապրել, լավ սովորել, արարել հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի զորացման, հանուն արդարության հաղթանակի հանդեպ հավատի:
Սրբազան դարձած բարձունքին
Երկինքն անգամ բարեգութ էր, քանզի հենց այն պահին, երբ Ծիծեռնակաբերդ հասան շուրջ 800 ավետիսյանցու բարձրացնող ավտոմեքենաները, անձրեւն ասես մի վերին հրամանով դադարեց, եւ այցն անցավ պարզկա երկնքի տակ: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչների հետ համաքայլ, նախակրթարանից մինչեւ ավագ դպրոց եւ մանկավարժներ իրենց ծաղիկները խոնարհեցին հուշահամալիրի անմար կրակի շուրջ: ՀԱԵ ավագ հովիվ, վերապատվելի Հովհաննես Հովսեփյանի՝ ի խորոց սրտի արած աղոթքից հետո նրա առաջնորդությամբ ավետիսյանցիները Տերունական աղոթքը բարձրացրին եւ լռության րոպեով հարգեցին զոհերի հիշատակը: Կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանի խոսքից հետո որոշվեց, որ ավագ դպրոցը, շարունակելով ավանդույթը, կմիանա այս տարվա «ծաղկահավաքին» Ծիծեռնակաբերդում:
Վայրէջքը նույնքան անվտանգ ու ապահով էր, որքան եւ վերելքը՝ ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ:
Թանգարանում
Իսկ XI «ա» դասարանն իր դասղեկ եւ պատմության ուսուցիչ Շ. Բաբայանի հետ այցն ավարտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: «Ուրիշ բան է գրատախտակի մոտ կանգնել եւ պատմել Վանի կամ Սասունի ինքնապաշտպանության մասին դասը, եւ բոլորովին ուրիշ, ցնցող ու տպավորիչ է այդ ամենի վկայությունը սեփական աչքերով տեսնելը, քեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանը փաստերով ստանալը: Միանգամից ասես հասունանում ես»,-ասում է տասնմեկերորդցի Մանե Եղոյանը:
2023 թվական, 24-ը ապրիլի: Ապրելո՛ւ ապրիլ: