Ժամն այդ անմոռանալի էր, հրաշալի…
Այսօր Ավետիսյան դպրոցի բեմում իշխում էր Անգլիայի ժողովրդական բանաստեղծը, խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրը: Եվ Նա այսօր «խոսում», «երկխոսում», «մենախոսում», «ասմունքում» էր իր հարազատ լեզվով… Անգլերենի ուսուցչուհի Լիանա Սահակյանի սաների (XII եւ X «գ» դասարաններ) վարժ եւ սահուն անգլերենը յուրահատուկ հմայք էր հաղորդում բեմում կատարվող մեծ ու փոքր դրվագներին: Մեծ դրամատուրգի կյանքի, նրա հանրահայտ «Գլոբուս» թատրոնի, հայրենի Էյվոնում նրա առանձնատան, ստեղծագործական դեգերումների մասին ավետիսյանցիների պատումն ուղեկցվում էր խոսուն տեսասահիկներով:
Իսկական անակնկալը, սակայն, առջեւում էր: Իրար հաջորդեցին հատվածներ շեքսպիրյան ողբերգություններից… Ահա բեմ է դուրս գալիս Դանեմարքայի արքայազնը… Նույնիսկ անգլերեն չիմացողը լավ հասկանում է Համլետի «Լինե՞լ, թե՞ չլինել»-ը: Ապա հնչում է «Ռոմեո եւ Ջուլիետ» կինոնկարի համար Նինո Ռոտայի սրտահույզ երաժշտությունը, գեղանի աղջիկների պարից հետո դահլիճը հիացմունքով ըմբոշխնում է պատանի սիրահարների խոստովանությունը… Ահա՛ մավրը՝ Օթելլոն, որ չի հավատում Դեզդեմոնայի անմեղությանը… Ահա՛ մինչեւ հոգու խորքը վիրավորված Անտոնիոսը դավաճանության համար մեղադրական ծանր խոսքեր է շպրտում Կլեոպատրայի երեսին…
Նրբաճաշակ, ճանաչողական, գեղագիտական… Շեքսպիրյան այս ներկայացումը տասներկու անգամ ընդմիջվեց մեծ անգլիացու ոչ պակաս հանճարեղ սոնետների ասմունքով: Այս յուրօրինակ միջոցառման վերջում դահլիճը երկար ծափահարեց Լ. Սահակյանին եւ նրա շնորհալի սաներին, որոնց ելույթը հավասարազոր էր անգլերենի իմացության ստուգատեսի: