Թեորեմը հաղթանակ բերեց Ավետիսյան դպրոցին
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի կազմակերպած մաթեմատիկական փորձարարության միջազգային մրցույթում Ավետիսյան դպրոցը գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը:
Լեհաստանից, Ռումինիայից, Վրաստանից եւ Հայաստանից դպրոցականները մրցատյանին էին ներկայացրել ինքնատիպ գիտափորձեր՝ ընդգծելու մաթեմատիկայի կարեւորությունը կյանքի տարբեր ոլորտներում։
Թեմաները բազմազան էին եւ հետաքրքիր՝ անտառային հրդեհների մոդելավորումից մինչեւ արժույթի փոխանակման շուկայի կամ լոտո շահելու ռազմավարություն, ուլունքներով թվերի կոդավորումից մինչեւ երաժշտության ազդեցությունը վարժությունների լուծման արդյունավետության վրա:
Այդ ինքնատիպ միջազգային մրցույթում Ավետիսյան դպրոցը ներկայացրեց 12-րդ «բ» դասարանի աշակերտուհի Անուշ Մանուկյանը: Թեման նախապատրաստելիս նրա կողքին էր աջակից խումբը (մաթեմատիկայի ուսուցիչ Վահան Մելիքյան, փոխտնօրեն Նաիրա Այվազյան, ֆիզիկայի ուսուցիչ Նարինե Մարգարյան, Անուշի համադասարանցիներ Էմմա, Իլոնա, Մանուկ, Դավիթ, վեցերորդցի Արեն, տասներորդցի Գայանե):
Անուշի տեսանյութի գլխավոր առանցքը կոսինուսների թեորեմի ազդեցությունն էր ֆուտբոլի գոլային ռազմավարության վրա, մասնավորապես հարվածների եւ փոխանցումների ճշգրտության ոլորտում: Հասկանալով ներգրավված անկյուններն ու հետագծերը՝ խաղացողները կարող են ավելի լավ կանխատեսել, թե ինչպես կարելի է գնդակը ոլորել պաշտպանների շուրջը, կիրառել «խաբս տալու» հնարքը կամ ճշգրիտ նպատակ դնել դեպի թիրախը, ինչպես կոսինուսների թեորեմի կիրառմամբ հաշվարկել հարվածի ճիշտ անկյունը եւ թռիչքի ուղին տուգանային հարվածի արդյունավետության համար:
— Ես փորձել եմ հիմնավորել, որ մաթեմատիկական թեորեմների ըմբռնումը կյանքում շատ ձեռքբերումների բանալին է,−ասում է Անուշ Մանուկյանը:−Իմ նպատակն էր ցույց տալ, թե ինչպես են մաթեմատիկական մոդելները օգտագործվում խաղացողների` խաղը ճիշտ վերլուծելու, թիմի ռազմավարությունը օպտիմալացնելու եւ նույնիսկ խաղի արդյունքները կանխատեսելու համար, որ մարզիչները նույն հաջողությամբ կարող են օգտագործել կոսինուսի տեսությունը՝ փոխանցման կամ հարվածի թռիչքի ուղին վերլուծելու համար՝ օգնելով խաղացողներին բարելավելու իրենց ճշգրտությունն ու արդյունավետությունը խաղադաշտում:
— Եվ իմ պատրաստած տեսանյութում,−ավելացնում է Անուշը,− քանի որ պատանի ֆուտբոլիստը նաեւ շատ խելացի եւ շրջահայաց աշակերտ է, հիանալի է ընկալում տեղեկատվությունը, այն կիրառում է հենց ֆուտբոլային խաղի ընթացքում եւ հասնում հաղթական գոլի։
Անուշ Մանուկյանի աշխատանքը գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը: Ինչպես նշված է մրցութային հանձնաժողովի գնահատականում, հաշվի են առնվել համապատասխանությունը գիտափորձի անցկացման սկզբունքներին, հետազոտված խնդրի ինքնատիպությունը, փաստաթղթավորման գեղագիտությունը եւ մատչելիությունը:
Սեպտեմբերին Անուշն արդեն դասի կգնա ՀԱՀ-ի բիզնես ֆակուլտետ, իսկ մինչ այդ նա եւս մեկ անգամ բարձր պահեց հարազատ Ավետիսյան դպրոցի անունը:
Ի գիտություն. դեռեւս 15-16-րդ դարերից Բիալիստոկը (Բելոստոկ) եղել է Լեհաստանի թագավորության եւ տարածաշրջանի արվեստի եւ գիտության հայտնի կենտրոն։