Իսկ դահլիճը պահել էր շունչը…
Տարիներ կանցնեն, այսօրվա ավետիսյանցիները կմեծանան, և 2020 թվականի փետրվարի 21-ին դպրոցի դահլիճում նստածներից շատերը կասեն. «Ես տեսել ու լսել եմ մեր ժամանակների ամենամեծ հայ կոպոզիտորին՝ Տիգրան Մանսուրյանին»: Կամ՝ «Ես անձամբ հարց եմ տվել մաեստրոյին, և նա պատասխանել է ինձ»: Կամ էլ՝ «Ես շունչս պահած եմ լսել մաեստրոյին», «Ես երբեք չեմ մոռանա…» և այս անմոռանալի հանդիպման հետ կապված շատ այլ հուշեր կպատմեն:
Իսկ մեծն մաեստրոյին Ավետիսյան դպրոցի հարկի տակ հյուրընկալելն, իրոք, իրադարձություն էր, քանզի սիրված կոմպոզիտորը իր պատկառելի կյանքի բարձունքից մի փոքրիկ, բայց անգնահատելի դաս անցկացրեց այստեղ:
Ինչի՞ մասին էր խոսում մաեստրոն ավետիսյանցիների հետ: Հայրենադարձ հայի հայրենաբաղձ հոգու ամբողջ ներողամտությամբ միայն լավը տեսնելու, հանուն իր ինքնատիպ արվեստի խորհրդային ժամանակների տատասկոտ ուղու վրա չընկրկելու, իրական հաղթանակի ճանապարհին նաև պարտվել իմանալու, ստեղծագործող մարդու հոգեկան ազատության ու նաև անկախության, մտավորականի կերպարի և բազմաթիվ այլ թեմաների շուրջ:
Կենդանի լեգենդ մաեստրո Մանսուրյանը խոսում էր: Հարց տվողներից ավելի շատ էին հարց տալ ցանկացողները: Ապա նա մոտեցավ ռոյալին, դանդաղ նստեց և ձեռքերն ասես թեթևակի հպեց ստեղնաշարին… «Կտոր մը երկինք» կինոնկարի հոգեհմա երաժշտության հնչյունները նախ սփռվեցին, ապա սկսեցին ճախրել ինչ-որ տեղ վերևներում: Մի տեսակ «ազնվացել» էր նույնիսկ օդը: Իսկ դահլիճը պահել էր շունչը…
Այնուհետև կրթօջախի տնօրեն տիկին Մ. Գեղամյանը բուռն ծափերի ներքո մաեստրոյին նվիրեց Կոմիտասի մասին «Ամենայն հայոց երգի վեհափառը» հրատարակությունը և Ավետիսյան դպրոցի մասին պատմող գիրք-ալբոմը: Որոշեցին նորաստեղծ բարեկամությունը շարունակել նամականիով:
Թվում էր՝ հանդիպումն ավարտվեց, բայց՝ ոչ. դահլիճից դուրս եկած թանկագին հյուրը շարունակում էր պատասխանել հարցերի, ինքնագիր էր տալիս, լուսանկարվում: