Անհնար է պատկերացնել 21-րդ դարն առանց բարձրագույն տեխնոլոգիաների նվաճումների կիրառման կյանքի ամենատարբեր ոլորտներում, և այդ առումով այսօր մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների որակյալ մասնագետների բանակ ձևավորելը: Ոլորտ, որը սահմանային, ճանապարհային կամ որևէ այլ արգելք ընդհանրապես չունի, որը մտքի, գաղափարի ու մտահղացման անսահմանափակ ասպարեզ է:

Ինչպիսի՞ զարգացումներ կան Հայաստանի Հանրապետությունում, և դրանցում ի՞նչ տեղ ու դեր ունեն բարձր տեխնոլոգիաները, ի՞նչ հարցեր կարելի է լուծել դրանց կիրառմամբ, ի՞նչ հորիզոններ է բացում սովորող երիտասարդության առջև նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելը, այդ առումով ի՞նչ եզրահանգման բերեց արցախյան վերջին ազատամարտը, ո՞րն է հայկական արդի իրողությունների թելադրանքը:

Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիներին հետաքրքող այս և այլ հարցերի հանգամանորեն պատասխանեց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, որն այսօր կրթօջախ էր այցելել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի մասնաճյուղի հրավերով: Հյուրը պատմեց ԱՏՁՄ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեության, ինժեներական կրթությունը դպրոցականներին հասանելի դարձնելու ուղղությամբ ձեռք բերված հաջողությունների, նաև իր անցած ուղու մասին:

Րաֆֆի Քասսարջյանը հատկապես կարևորեց 21-րդ դարի բանակի արդիականացումը, վաղվա զինակոչիկին նորագույն գիտելիքներով զինելը, այլ ծրագրերի հետ համագործակցելու հեռանկարները, ներկայացրեց բարձր տեխնոլոգիաները կիրառման լայնարձակ հորիզոնները՝ հոգեբանությունից, ռադիոլոգիայից, բժշկությունից մինչև կենցաղ և մարքեթինգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և համաշխարհային ասպարեզ…

Ի պատասխան դահլիճից հնչած «Ինչի՞ց սկսել» հարցի՝ Ր. Քասսարջյանը բարձրդասարանցիներին խորհուրդ տվեց հաճախ մասնակցել ամենաբազմազան մրցույթների, ծրագրերի, խմբակների, հնարավորինս լավ տիրապետել օտար լեզուների:

Հանդիպումից հետո դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի և Ավետիսյան դպրոցի կոորդինացիոն խորհրդի անդամ Ռուբեն Կրիկյանի ուղեկցությամբ պատվավոր հյուրը շրջագայեց դպրոցի սրահներում, ծանոթացավ կրթական հնարավորություններին և պայմաններին:

Պարոն Րաֆֆիի հետ հաջորդ հանդիպմանը, ինչպես հույս հայտնեց տիկին Մ. Գեղամյանը, բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված բարձրդասարանցիներն արդեն կներկայանան իրենց խիստ որոշակի հարցադրումներվ:

Մի կարևոր փաստ. 2011 թվականից մինչև օրս ՀՀ-ում, Արցախում և Վրաստանում՝ Ջավախքում, գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնց շնորհիվ անվճար ինժեներական կրթություն են ստանում շուրջ 15 հազար երեխա։