Համաձայն ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքի տվյալների՝ ՀՀ-ում մասնավոր դպրոցներում սովորում է 9700 աշակերտ։

2021 թվականի հունվարի 27-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում անկախ դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի հիմնադիրների և մայրաքաղաքի 33 մասնավոր դպրոցների տնօրենների հետ:

Հիմնադիրները հրավիրվածներին ներկայացրին վերջերս մամուլում հրապարակված անկախ դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը 2021 թ․ մայիսին պետք է հանդես գա օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։

Հիմնադիրները մտահոգություն արտահայտեցին առ այն, որ օրենսդրական այդ փոփոխությունը ընդունվելու դեպքում հարկային լուրջ բեռ կդառնա մասնավոր դպրոցների համար, և շատ կրթական հաստատություններ պարզապես կփակվեն։

Մեկ հարց է, թե արդյունավետ է արդյոք այդ փոփոխությունը պետական տնտեսական քաղաքականության տեսանկյունից, մեկ այլ հարց՝ արդյոք այդ փոփոխության մեջ հաշվի է առնվել մասնավոր կրթական հաստատությունների ունեցած ներդրումը հանրապետությունում կրթական միջավայրի զարգացման գործում։

Առհասարակ, մասնավոր դպրոցների դինամիկ ակտիվությունը, որը նկատելի է վերջին տարիներին, երկրում կրթական համակարգի կայացման անհրաժեշտ պայման է։ Որպես կանոն, մասնավոր դպրոցներն այս կամ այն ձևով առաջարկում են այլընտրանքային մոտեցումներ։ Ժամանակի ընթացքում կրթական այլընտրանքային ծրագրերը հղկվում, ամրանում և ավելի մեծ տարածում են գտնում հանրության շրջանում, ինչն իր հերթին բովանդակային և մեթոդաբանական առողջ մրցակցության խթան է դառնում։ Ընդ որում կրթական այդ նոր որակի հարաբերությունը չի սահմանափակվում միայն մասնավոր դպրոցներով. այն աստիճանաբար սկսում է առնչվել նաև պետական կրթական հաստատություններին։

Այսպես, մասնավոր դպրոցների ձևավորմանն ու կայացմանը զուգահեռ, փոխվում են հանրության ակնկալիքները կրթությունից։ Նոր ձևավորվող պահանջարկը նոր մարտահրավերներ է ստեղծում տարիներ շարունակ ստատիկ վիճակում գտնվող հետխորհրդային կրթահամակարգի համար, որը սկսում է արդիականացման ուղիներ փնտրել։ Այս առումով պատահական չէր նախորդ տարի առաջարկված նոր կրթական չափորոշիչներում մասնավոր դպրոցների մեթոդաբանական և ռազմավարական փորձի ներառումը։

Նման գործընթացի ապահովման էական բաղադրիչներ են ինչպես արդեն երկար ժամանակ գործող խոշոր մասնավոր դպրոցների վարկանիշի տարածումը, այնպես էլ վերջին ժամանակներում նկատելի նոր փոքր ու մասնագիտացված կրթօջախների ստեղծումը։ Կոնկրետ ուղղվածությամբ մասնագետներ պատրաստող այս հաստատությունները մեծապես նպաստում են նաև աշխատաշուկայի կայացմանը։ Մինչդեռ սպասվող որոշումը մեծ վնաս կհասցնի հատկապես փոքր մասնավոր կրթօջախներին, քանի որ իրենց ձևավորման նախնական փուլում մասնավոր դպրոցները մեծ ծախսեր են պահանջում։

Ելույթներից հետո արծարծվեցին ներկաներին հուզող հարցեր, քննարկվեցին մասնավոր սեկտորի առջև ծառացած խնդիրները, որից հետո որոշում կայացվեց դիմել ՀՀ ԿԳՄՍ, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարներին՝ նրանց վերոհիշյալ հրատապ խնդիրը ներկայացնելու առաջարկով:

Հանդիպման ավարտին Ավետիսյան դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը ավագ դպրոցի սաների ուղեվարությամբ հյուրերի համար կազմակերպեց շրջայց դպրոցում: