Երևանյան աշնան ամենաջերմ ամիսը՝ հոկտեմբերը, խոնարհաբար իր տեղը զիջեց անձրևաշատ նոյեմբերին: Իսկ մինչ այդ ավետիսյանցիները հասցրին լիովին վայելել հոկտեմբերի արևոտ ակնթարթները:
«Սերունդ» մանկական սրճարանում այսօր տոն է, «Ա» տառի, այսինքն՝ և I «գ» դասարանի տոնը, որն ուղեկցվեց զվարճալի խաղերով, պարերով, հայոց այբուբենի առաջին տառին նվիրված ոտանավորներով,«Այբ, բեն, գիմ» երգով, նաև «Ա» -ով թխվածքաբլիթներ համտեսելով: Դասվար Սիրանուշ Սարգսյանը և մյուս մեծերը հավասարապես ուրախացան այս պայծառ տոնով:
Իսկ այդ նույն ժամանակ XI-ցիները ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրենց ուսուցչուհու՝ Քրիստինե Գևորգյանի ղեկավարությամբ խորացել էին բնապահպանության գիտական ոլորտների մեջ:
Մեզնից ո՞վ չի մեծացել Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթներով ու բանաստեղծություններով: Իսկ III «ա» դասարանի փոքրիկները դասվար Ռուզան Մարգարյանի ուղեկցությամբ բարձրացան մեծ բանաստեղծի թանգարանի 54 աստիճաններով, «տեսան» Թումանյանի Լոռին ու Դսեղը, հեքիաթների նկարազարդումները: Ամենից գրավիչը, իհարկե, թումանյանական թեմաներով մուլտիպլիկացիոն ֆիլմերն էին, որոնք երեխաները դիտեցին շունչները պահած:
Իսկ VII «գ» դասարանը «Եղիշե Չարենց» ծրագրային թեման ամփոփելուց հետո այցելեց Չարենցի տուն-թանգարան: Այցն անչափ հետաքրքիր էր, անմոռաց: Դասղեկ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նվարդ Գրիգորյանի սաները թանգարանի աշխատակիցներին հիացրին հանճարեղ բանաստեղծի կյանքի և ստեղծագործության իրենց իմացությամբ:
VIII «ա» դասարանի դասղեկ Նարինե Մելիքյանի առաջարկով նրա սաները մայրաքաղաքի օրն անցկացրին քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանում և վերադարձան անմոռանալի տպավորություններով:
Թատերարվեստի երկրպագու VIII «բ» դասարանը մի հրաշալի երեկո անցկացրեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» դրաման մինչև վերջին վայրկյանը երեխաները դիտեցին հուզախառն և հափշտակված: Չդադարող ծափահարություններից հետո էլ նրանք անմիջապես չցրվեցին, այլ հենց թատրոնի մուտքի մոտ դասղեկ Զարուհի Ավետիսյանի հետ քննարկում էին ներկայացումը, որի ժամանակ աղջիկներից ոմանք նույնիսկ լաց էին եղել…
Ինչպե՞ս է ստեղծվել հայ գիրքը, ովքե՞ր են եղել առաջին հայ տպագրիչները, ի՞նչ ճանապարհ է անցել սիրված գիրքը մինչև իրենց հասնելը: Այս և նման բազմապիսի հարցերի պատասխանն ստացան II «բ» դասարանի աշակերտները, որոնք դասվար Լալա Սահակյանի հետ անցան գրատպության թանգարանի սրահներով, տեսան «Ուրբաթագրքի» օրինակը, հայերեն տպագիր առաջին քարտեզը և բազմաթիվ այլ հետաքրքիր նմուշներ, ուշիուշով հետևեցին ուղեվարի բացատրություններին:
Հոկտեմբերի վերջին կիրակին Գյումրու օր էր VIII «գ» դասարանի համար: Նրանք դասղեկ Լուսինե Մարգարյանի հետ ոտքով կտրեցին-անցան մեր Երկրորդ քաղաքի հնամենի փողոցները, լուսանկարվեցին սիրված կինոնկարներից իրենց հայտնի վայրերում, այցելեցին մեծ բանաստեղծների՝ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները, սիրված դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանը: Շրջագայության վերջում նրանք փոքրիկ համերգ տվեցին հանրահայտ Սև բերդի հսկայական «բեմահարթակում»: Նրանց երգ ու նվագն արձագանքվում էր պատմական ամրոցի կամարները տակ և տարածվում մինչև Յոթվերք և ավելի հեռու: