1988: Արցախյան շարժումը խեղդելու նպատակով Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին և 3 օր անարգել շարունակվեցին  հայկական ջարդերը:

___

1910: Թիֆլիսում ծնվել է  շախմատի հայ առաջին սպորտի վարպետ, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստ գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի 10-ակի չեմպիոն, Անդրկովկասի չեմպիոն, շախմատային կոմպոզիտոր  Հենրի Գասպարյանը (Կասպարյան):  Մեծ հաջողությունների է հասել շախմատային կոմպոզիցիայում, այդ ձևում դարձել  միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն: Հեղինակ է 400-ից ավելի էտյուդի, որոնցից շուրջ 80-ը տարբեր մրցույթներում արժանացել են 1-ին մրցանակի: Մահացել է 1995-ին Երևանում:

1916: Թիֆլիսում ծնվել է  արվեստի վաստ. գործիչ, գրող, դրամատուրգ  Միքայել Շաթիրյանը ( «Ասք արմավենու մասին», «Արծաթե դար» ): Նրա սցենարով «Հայֆիլմում»  նկարահանվել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը:

1918: Կահիրեում ծնվել է դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը: Հայաստանում սկզբնավորել է հուշանվերային գեղարվեստական կերտվածքների արտադրությունը: Նրա պատրաստած կրծքազարդերը, ազգային-պատմական նկարազարդումներով սկուտեղները, գավազաններն ու զինանշանը արվեստի գլուխգործոցներ են, պահվում են ՀԱՊ-ում  ու աշխարհի մի շարք թանգարաններում:

1920:  Ալեքսանդրապոլում (Գյումրի) ծնվել է Հայաստանի վաստ. բժիշկ, 1954-56 և 1963-76 թթ.   Երևանի գլխավոր վիրաբույժ Հարություն Մինասյանը: Հայաստանում առաջիններից մեկն է գործնականում կիրառել ինտուբացիոն նարկոզը, կատարել կերակրափողահատում:  Մահացել է  1988-ին:

1921: Երևանում ծնվել է    Հայաստանի վաստ. մարզիչ, սպորտի վարպետ, սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջին չեմպիոն  Սարգիս Սարգսյանը: Ստալինյան բռնության տարիներին աքսորվելով  Հեռավոր Արևելք՝ մարմնամարզիկը այնտեղ էլ շարունակել է մարզվել և դարձել է մարմնամարզության Հեռավոր Արևելքի բազմակի չեմպիոն: Մարզել է տեղի   հավաքականը, իսկ ավելի ուշ՝ նաև Երևանի Ա. Ազարյանի անվան  մարզադպրոցի սաներին:

1937: Շիրակի Անիպեմզա գյուղում ծնվել է արձակագիր  Հովհաննես Մելքոնյանը: Նրա սցենարներով «Հայֆիլմում» նկարահանվել են «Խոնարհվիր վաղվա օրվան», «Շնչառություն»,  «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը:

___

1937: Լենինականում (Գյումրի) ծնվել է ՀՀ արվեստի վաստ. գործիչ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Նրա «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Կյանքի լավագույն կեսը» կինոնկարներն արժանացել են Հայաստանի պետ. մրցանակի:     Ալբերտ Մկրտչյանը ԽՍՀՄ, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի կրտսեր եղբայրն է:

___

1858: Կ. Պոլսում մահացավ նշանավոր ճարտարապետ և արվեստագետ Նիկողոս Պալյանը: Պալյանների նշանավոր տոհմի այս  ներկայացուցիչը    եղել է պալատական ճարտարապետ: Կառուցել է   սուլթանական պալատներ Սկյուտարում, Չրաղանի, Օրթագյուղի, Դոլմաբախչեի մզկիթները, Թոփխանեի ժամացույցի աշտարակը: Զբաղվել է Պոլսի հայ համայնքի վարչական ու կրթական հարցերով, մասնակցել  Ազգային սահմանադրության ստեղծմանը: 18-19-րդ դդ. Թուրքիայի գրեթե բոլոր հրաշակերտ կառույցների հեղինակները Պալյանների գերդաստանի ներկայացուցիչներն են՝ Մինաս, Գրիգոր, Կարապետ, Մակար, Նիկողոս բեյ, Սարգիս բեյ, Սենեքերիմ և Սիմոն Պալյանները:

1920: Մարաշում զոհվեց ազգային-ազատագրական շարժման գործիչ, Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից 33-ամյա Պետրոս Տմլաքյանը: 1916-ին որպես լեգեոնական  Երուսաղեմի մոտ մասնակցել Արարայի ճակատամարտին: 150 կամավորներով կազմակերպել է Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցում ապաստանած հայերի պաշտպանությունը, որտեղ էլ զոհվել է: