1917 թ. այս օրը Ռուսաստանի կառավարությունն ընդունեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը հուսավառված հայության անունից հեռագիր հղեց Պետդումային, որում Ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան, և հույս էր հայտնվում, որ Ռուսաստանը նախկին տաճկական վիլայեթներում կստեղծի Հայաստան: Այդ հույսը ի դերև ելավ մեկ ամիս անց ընդունված նոր որոշմամբ:
1919: Հայկական գործերի կոմիսարիատի ներկայացմամբ Ռուսաստանի Ժողկոմխորհը Լենինի ստորագրությամբ, ընդունեց «Մոսկվայի հայկական ինստիտուտի մասին» դեկրետը, որով Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվեց Առաջավոր Ասիայի ինստիտուտի, այնուհետև՝ Արևելյան կենդանի լեզուների կենտրոնական ինստիտուտի: 2 տարի անց՝ 1921-ին, Լազարյան ճեմարանը վերանվանվեց «Խորհրդային Հայաստանի մշակույթի տուն»: Այժմ Մոսկվայի «Հայկական նրբանցք» անունը կրող փողոցում գտնվող այդ շենքը հանձնված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը:
1922: Հայաստանի Ժողկոմխորհն ընդունեց դեկրետ ուղղագրության ռեֆորմի մասին:
1965: Վերակառուցումից հետո, բացվեց Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
___
1811: Կ.Պոլսում ծնվել է տպարանատեր-հրատարակիչ, գրաձուլիչ, հայկական նոր տպատառերի ստեղծող Հովհաննես Մյուհենտիսյանը: Պոլսում հրատարակել է ավելի քան 200 անուն գիրք, պարբերականներ: Մեծ վաստակ ունի թուրքական տպագրության զարգացման գործում, նրան անվանել են «թուրքական Գուտենբերգ»: Մահացել է 1891-Պոլսում:
1844: Կ.Պոլսում ծնվել է հայագետ, լեզվաբան Նորայր Բյուզանդացին (հայտնի է նաև որպես Ստեփան Գազեզյան, Ճեզմեճյան, Հարություն Թերզյան): Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: 26 տարեկանում հրաժարվել է հոգևոր կոչումից, հայագիտական գործունեություն ծավալել Փարիզում, Պոլսում, Ստոկհոլմում: Մահացել է 1916-ին Պոլսում: 8 տարի անց աճյունը տեղափոխվել էՍտոկհոլմ:
1893: Սյունիքի Կալեր գյուղում ծնվել է անվանի բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ, ԳԱԱ ակադեմիկոս, գիտ. վաստ. գործիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանը: 1937-ին անհիմն բռնադատվել է, 5 տարի անց՝ արդարացվել: Մահացել է 1970-ին:
1911: Ջավախքի Փոքր Խանչալի գյուղում ծնվել էպատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Վարդ Բդոյանը: Հավաքել և հրատարակել է հայ ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող նյութեր: Հեղինակ է «Հայ ազգագրություն» ուսումնական ձեռնարկի: Մահացել է 1986-ին Երևանում:
1937: Երևանում ծնվել է Հայաստանի ժող. նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը: Արժանացել է Երիտասարդության Վիեննայի համաշխարհային 7-րդ փառատոնի բրոնզե և Անդրկովկասյան առաջին Բիենալեի ոսկե մեդալի:
1941: Երևանում ծնվել է պատմ. գիտ. դ-ր պրոֆ., քարտեզագետ, Բնությանև հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ Բաբկեն Հարությունյանը: Եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, «Հայկական սովետական հանրագիտարանի» 13-հատորյակի, նաև «Հայկական հարց» հանրագիտարանի քարտեզների հեղինակն է:
1951: Երևանում ծնվել է բժշկ. գիտ. դ-ր պրոֆ. Սեմյոն Օրդույանը:Առաջարկել է լյարդի, լեղուղիների սուր և խրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժմանժամանակակից եղանակներ: 1999-2001 թթ. եղել է ԶՈՒ գլխավոր վիրաբույժը:
___
1877: Ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիները ստեղծեց խոսափողը:
1880: Ամերիկյան «Նյու Յորք Դեյլի գրաֆիկ» թերթի մարտի 4-ի համարում հրապարակվեց աշխարհում առաջին լուսանկարի վերատպությունը: