2022-ի ապրիլը Ավետիսյան դպրոցի պատմության մեջ մնաց որպես ուրախության ու խոնարհումի, հաղթանակների ու նվաճումների, տխուր եւ ուրախ, հետաքրքիր ու գերհագեցած ամիս:
Ինչ խոսք, ապրիլի ամենից անմոռաց իրադարձությունը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին խոնարհվելն էր, մեր ծաղիկները Ծիծեռնակաբերդի բարձունքին՝ կրակի շուրջը, մեր աղոթքն ու խոնարհումը:
Իսկ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ դպրոցի արեւոտ բակում Հարության բացօթյա տոնավաճառն էր, եւ իշխում էր զատկական ուրախության, զվարթ գույների տոնական ոգին:
Մայրության օրվա կապակցությամբ 7-րդ «ա» դասարանի երեխաները դասղեկ Լիլիթ Բախշյանի հետ ջերմ եւ հուզիչ հրավերք կազմակերպեցին մայրիկների համար:
Ապրիլի սկզբին AMAA-ի եւ դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ դպրոցի հոգեբան Արփի Խաչատուրյանն սկսեց «Ծնողավարման հարթակի» հանդիպումների շարքը առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանների աշակերտների ծնողների համար եւ շարունակվեց մինչեւ մայիսի կեսը:
Բանավեճի ակումբի մեր թիմը (ղեկավար՝ Անի Օհանյան) իր անելիքների ծրագիրը ներկայացրեց AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարութ Ներսեսսյանին: Համատեղ քննարկության արդյունքում մշակվեց թիմի ռազմավարությունն առաջիկայի համար:
11-րդ «ա» դասարանի աշակերտները իրենց ուսուցչի՝ Գեղամ Պետրոսյանի հետ մասնակցեցին ԵՊՄՀ բաց դռների օրվան եւ մի հագեցած օր անցկացրին պատմության ֆակուլտետում:
Ավագ դպրոցի «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» մրցույթին (կազմակերպիչ եւ վարող՝ Մանանա Ուստյան, ուսուցիչներ՝ Մ. Ուստյան, Նարինե Մարգարյան) լարված հետեւեցին թե՛ աշակերտները եւ թե՛ ուսուցիչները: Մեծերը ֆիզիկայից իրենց գիտելիքներն էին չափում, իսկ փոքրիկները երգ ու նվագով նրանց համար կարճ դադարի հաճելի պահեր էին ստեղծում: Հաղթեց «Ես գիտեմ, որ դու գիտես» թիմը:
Ամսի 29-ին 4-րդ «ա», «բ» եւ «գ» դասարանների միջեւ անցկացվեց բաղձալի մրցույթը մայրենի լեզվից (ուսուցիչներ՝ Անի Օհանյան, Զվարթ Ամբրոյան): Համառ պայքարից եւ երկու տարվա սպասումից հետո վերջապես հաղթեցին «գ»-ի գիտակները:
Իսկ այդ նույն օրը եւ նույն ժամին Հայաստանում ֆրանսիական համալսարանի դահլիճում բուհի ռեկտոր Բերտրան Վենարը շնորհավորում էր «Ֆրանսիական աքաղաղ-2022»-ում մրցանակային տեղեր (այդ թվում՝ առաջին) գրաված մեր 7 սաներին: Այո՛, այո՛. «Coq»-ի այս տարվա 27 մրցանակային տեղերից 7-ը գրավել են ավետիսյանցիները՝ 7-12-րդ դասարանների աշակերտներ Ժաննա Պողոսյանը, Մարիա Խաչատրյանը, Միքայել Մարտիրոսյանը, Վահագն Հարությունյանը, Անի Սահակյանը, Հարություն Հայրապետյանը եւ Գոհար Մարությանը (ուսուցիչներ՝ Գայանե Նահապետյան, Եվա Գեղամյան):
Ինչպես միշտ, դպրոցը ապրիլին հյուրեր նույնպես ունեցավ. ՏՏ ոլորտում ակնհայտ հաջողությունների հասած ծրագրավորողներ Ռուբեն Մեսչյանը («Ծրագրավորման արվեստը») եւ Վազգեն Հակոբջանյանը (Teamable, YerevaNN) ավագ դպրոցի աշակերտներին բացեցին ոլորտում հմտանալու, փնտրված մասնագետ դառնալու «հույժ կարեւոր» գաղտնիքներ:
Մեր ֆուտբոլի թիմը ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ ԱՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների Սպարտակիադա-2022-ի ծրագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների ֆուտբոլի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը:
Իր տարեվերջյան ամփոփիչ ներկայացմամբ բեմ դուրս եկավ դպրոցի թատերական խմբակը (ղեկավար՝ գրող, բեմադրիչ Հակոբ Միքայելյան): Խումբը ներկայացրեց Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա»-ն, Միքայել Մանվելյանի «Ծաղրածուն» եւ Ավետիս Ահարոնյանի «Արյունոտ թթխմոր»-ը:
Իսկ պատանի բնասերները ամբողջ ապրիլն անցկացրին դպրոցի ջերմոցում. տնկեցին, փխրեցրին, քաղհանեցին, ջրեցին կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Մանուկյանի եւ քիմիայի ուսուցչուհի Ծովիկ Մանուկյանի ղեկավարությամբ, նաեւ հետազոտեցին ու սովորեցին…
Ապրիլ ամսին Ավետիսյան դպրոցը ներկայացրեց հրատարակչական երկու նորույթ՝ արցախցի շնորհալի դպրոցական Սոնա Աղամալյանի «Կյանք՝ կյանքի դիմաց» վիպակը եւ դպրոցի մանկավարժ Զարմիկ Սարգսյանի «Հայոց լեզվի հուշաթերթիկներ» ուղեցույցը 5-12-րդ դասարանցիների համար: