«Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրում իրենց մանկավարժական փորձառությունն անցան Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական (հայոց լեզու և գրականություն) ֆակուլտետի մագիստրանտները: Երիտասարդ պրակտիկանտները դպրոցի մանկավարժների և բուհական պրակտիկայի պատասխանատուների անմիջական ուղեկցությամբ արեցին իրենց առաջին լուրջ, գործնական քայլը ԴՊՐՈՑ կոչվող զարմանահրաշ աշխարհում:
Այսօր կրթահամալիրի դահլիճում ապագա մանկավարժներին հանձնվեցին պրակտիկայի հավաստագրեր, առանձնապես աչքի ընկածներին՝ նաև շնորհակալագրեր: Դիմելով նրանց՝ կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը ևս մեկ անգամ հնչեցրեց այն անհերքելի ճշմարտությունը, որ մանկավարժությունը սոսկ մասնագիտություն է, մինչդեռ ուսուցիչը՝ կոչում, որն արդարացնում և որին արժանանում են այդ ասպարեզին անմնացորդ նվիրված և իրենց գործի ու աշակերտի հանդեպ սիրով լցված մասնագետները:
Ողջերթի և շնորհակալության ջերմ խոսքեր հղեցին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հ. Ներսեսսյանը և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը: Երկուստեք հույս և վստահություն հայտնվեց բուհ-դպրոց համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Երախտագիտության ուղերձ հղվեց ԱՀԱԸ ղեկավարությանը և կրթահամալիրի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին:
Հանդիսության ավարտին տիկին Մ. Գեղամյանը ՀՊՄՀ-ից ժամանած դասախոսական կազմին նվիրեց կրթահամալիրի և նրա բարերաների մասին պատմող հրատարակություններ:
Ապագա մանկավարժներին հրաժեշտի արարողության պսակը եղավ դպրոցական նորաստեղծ նվագախմբի պայծառ ու շենշող ելույթը, որն ընդունվեց տևական անկեղծ ու սրտաբուխ ծափահարություններով: