Նկարներում՝ աշխատանքային պահեր, խորհրդատվություն AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանից, աշխատանքային քննարկումներ, մրցույթ-տոնավաճառի տաղավարում, հաղթողի հավաստագիրը։

Ավետիսյան դպրոցի թիմը հաղթող ճանաչվեց «Կողմնացույց» կազմակերպության և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած նախագծային ծրագրերի շնորհանդեսում: Թիմի անդամներ Վարձելյան Դավիթը, Մանուկյան Անուշը, Ստեփանյան Նարեն, Առաքելյան Էմման (չորսն էլ՝ X դասարանից), Մանուկյան Գայանեն (VIII դ.) և Գրիգորյան Արևիկը (V դ.) պատմում են դեպի հաղթանակ իրենց ճանապարհի մասին:

Հարց — Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք մասնակցել այս մրցույթին:

Էմմա – Երբ 2021-ին ծանոթացանք բանավեճի ձևաչափին ու «Կողմնացույց» ծրագրին, հասկացանք, որ մասնակցելու արդյունքում կկարողանանք գրել բիզնես-ծրագիր, իսկ հետագայում նաև հնարավորություն կունենանք կյանքի կոչելու մեր գաղափարները:

Հարց – Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր ծրագիրը:

Արևիկ – Այն վեբ-էջ է, որը ներառում է 360 աստիճանի VR տեսադասեր և առցանց գրադարան:

Հարց – Իսկ ինչպե՞ս կանգ առաք հենց ա՛յս ծրագրի գաղափարի վրա:

Նարե – Ճիշտն ասած, սկզբում հետաքրքիր մտքեր ունեինք բնապահպանական ոլորտի վերաբերյալ, սակայն համընդհանուր քննարկման արդյունքում ի վերջո որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի իրականացնել բարեփոխումներ հենց մեր՝ կրթական ոլորտում:

Հարց – Պատմե՛ք ձեր աշխատանքի մասին՝ քայլ առ քայլ:

Անուշ – Դա երկար և լուրջ աշխատանք էր: Դավիթը ստեղծեց կայքը, մնացածներս սկանավորեցինք կայքում տեղ գտած գրքերը, ներբեռնեցինք, թարգմանեցինք և ձայնագրեցինք VR տեսադասերը:

Հարց – Ո՞րքան տևեց նախապատրաստական փուլը։

Էմմա – Սկսեցինք 2021-ի հոկտեմբերին, փոքր քայլերով, իսկ հիմնական աշխատանքները կատարեցինք հունվար-փետրվար ամիսներին։

Հարց- Ո՞րքան և որտե՞ղ էիք աշխատում։

Նարե – Շուրջ 2 ամիս՝ մինչև ուշ երեկո դպրոցում մնալով և ունենալով բազմաթիվ արտադպրոցական հանդիպումներ։

Հարց – Ովքե՞ր և ինչպե՞ս օժանդակեցին:

Անուշ – Մեզ օժանդակելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին, մեր ուսուցիչներին և, իհարկե, մեր մարզիչ և ավագ խորհրդատու Անի Օհանյանին, ում շնորհիվ ծանոթացանք այս ծրագրին և գրանցեցինք հաջողություններ։

Հարց – Գործնականում ինչքանո՞վ է կիրառելի ձեր ծրագիրը, և ի՞նչ կտա այն մեր դպրոցին:

Դավիթ – Ծրագիրը օգտակար կլինի ոչ միայն մեր, այլև հանրապետության մյուս դպրոցների համար: Ուսման մեջ այն կարող է դառնալ աշակերտների մոտիվացիայի աղբյուր, ինչպես նաև հնարավորություն կտա վիրտուալ իրականության միջոցով ավելի պատկերավոր դարձնել դասի ընկալումը: Այն շատ մեծ ազդեցություն կունենա նաև ներառական կրթություն ստացող երեխաների վրա, որոնք կկարողանան ավելի մատչելի ու պատկերավոր կերպով կրթվել։

Գայանե- Իսկ առցանց գրադարանը ոչ պետական դպրոցների գրադարաններին հնարավորություն կտա ավելի հեշտությամբ ձեռք բերել անհրաժեշտ գրքերը:

Հարց – Խոսենք մրցույթի մասին: Ինչքանո՞վ էին ուժեղ ձեր մրցակիցները, ներկայացվածների մեջ կայի՞ն այնպիսի ծրագրեր, որոնք ձեզ հետաքրքրեցին, և որոնցով կուզենայիք զբաղվել հետագայում:

Գայանե – Այո՛, ուշագրավ ծրագրեր կային, և մենք ունեինք բավականին ուժեղ մրցակիցներ՝ հիմնականում բնապահպանական գաղափարներով: Մեզ հատկապես հետաքրքրեցին առողջ ապրելակերպին ու հայկական մշակույթի պահպանմանը վերաբերող ծրագրերը:

Հարց – Դուք մի կայուն, ուժեղ թիմի միջուկ եք, ինչը բազմիցս ապացուցել եք, թեկուզ «Բանավեճի ակումբում» ձեր տարած հաղթանակներով: Եվ հիմա էլ՝ առաջին տեղ «Կողմնացույց»-ում: Ուրիշ ի՞նչ մտահղացումներ ունեք, դեռ ինչե՞ր կարող եք և կուզենայիք անել:

Դավիթ – Գաղափարները շատ են, հիմնականում՝ բնապահպանական ու կրթական ոլորտների վերաբերյալ: Առաջիկայում պատրաստվում ենք է՛լ ավելի ընդլայնել մեր ծրագիրը՝ փորձելով ուսումը հնարավորինս հետաքրքիր դարձնել դպրոցականների համար: