Դեկտեմբերի 20-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի դահլիճում կայացավ   «Ավետիսյան» նորաստեղծ նվագախմբի առաջին ելույթը:

-Նվագախումբը ստեղծվեց այս տարվա սեպտեմբերին, —  ասում է դպրոցի տնօրեն տիկ. Մելանյա ԳԵղամյանը: — Այս ելույթով իրականացավ մեր վաղեմի երազանքը՝  ունենալ դպրոցական նվագախումբ,  որի մեջ ընդգրկված են 10-12 մանուկ և պատանի երաժիշտներ:  Խմբի ղեկավար Արգենտինա Պողոսյանը մեծ ճիգեր գործադրեց նվագախմբի կայացման համար: Մենք հուսով ենք, որ այս ելույթը ճանապարհ կհարթի նոր համերգների և ոչ միայն դպրոցի պատերի ներսում:

Նվագախմբի երեխաները անհատական և խմբային կատարումներով ներկայացրին հայ և եվրոպական կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ, ինչպես նաև հոգևոր երգեր:

Ավարտին՝ Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը նախ շնորհավորեց նորաստեղծ նվագախմբի սաներին և ղեկավարին առաջին ելույթի կապակցությամբ, և իր գոհունակությունը հայտնեց նվագախմբում կատարված մեծ աշխատանքի համար: Նա վստահություն հայտնեց, որ նվագախմբի ստեղծագործական հաջողությունը այլևս իրականություն է:

Համերգին ներկա երեխաները, ծնողները, ուսուցչակազմը նվագախմբի կատարումներն ընդունեցին  խանդավառ ծափողջյուններով:

Համերգից հետո բեմ հրավիրվեց 8 բ դասարանի աշակերտ Վահե Համբարձումյանը, ով մասնակցել էր Հանրային հեռուստատեսության (Հ1) հաղորդաշարին և շահել պատվավոր երրորդ մրցանակը: Դպրոցի տնօրենը,համադասարանցիները, ուսուցիչները նույնպես շնորհավորեցին  Վահե Համբարձումյանին և մաղթեցին նոր հաղթանակներ: