Հունիսի 16-ին Ավետիսյան դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը ներկա էին դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Հայաստանի ֆրանսիական և ամերիկյան  համալսարանների ռեկտորները, տարբեր բուհերի դասախոսներ և արտասահմանից ժամանած մի շարք հյուրեր:

Դպրոց այցելելու հրավերը ընդունել էին նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Միջոցառման բանախոսն էր  նշանավոր  պատմաբան Թաներ Աքչամը: Նա  առաջին թուրք գիտնականներից է, որը ճանաչել է և բացահայտորեն քննադատել հայոց  ցեղասպանությունը:

Երեկոյի ավարտին հյուրերը դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, եղան քիմիայի լաբորատորիայում, գրադարանում, մարզադահլիճներում և Հրանտ Դինքի անվան սենյակում, որի բացումը կատարվել էր 2017 թ. ավարտական միջացառումից հետո Դինքի այրու՝ Ռ. Դինքի կողմից:

Շրջայցի ընթացքում Մ. Գեղամյանը նախարարին ներկայացրեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի անցած ուղին և նրա առանձնահատկությունները և ասաց, որ դպրոցը, լինելով նաև համայնքային կենտրոն, սերտորեն համագործակցում է  Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցների հետ։ Այստեղ  ուսուցիչների համար պարբերաբար  կազմակերպվում  են վերապատրաստման դասընթացներ, տարբեր դպրոցների աշակերտների միջև անցկացվում են  մարզական օլիմպիադաներ և այլն։ Մ. Գեղամյանը նախարարին հայտնեց դպրոցի ղեկավարության պատրաստակամությունը կրթության և գիտության նախարարության հետ ունեցած համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Վերջում Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրենությանը շնորհակալություն հայտնեց հրավերի և միջոցառման ընթացքում հնչած հետաքրքիր ելույթների համար։