2016 թվականի մարտ ամսին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանի հրավերով ԳԹԿ-ն 11-րդ դասարանում իրականացրեց արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից:
Գրավոր աշխատանքը տրվել էր թեստի ձևով, ընդ որում, ինչպես նախապես նշել էր ԳԹԿ-ի Քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ (հայոց լեզու և գրականություն) Միրցա Հալաջյանը, թեստն իր կառուցվածքով և հարցադրումներով աննախադեպ էր և առաջին անգամ կազմված է եղել հատուկ այս դասարանի համար:
Թեստն ընդգրկել է 10 հարց իր ենթահարցերով, իսկ լուծման համար տրվել է 45 րոպե:
Ապրիլի14-ին տեղի ունեցած ընթացիկ գնահատման արդյունքների ամփոփման ժամանակ Միրցա Հալաջյանը նշեց, որ «Հայոց լեզու» առարկայից դասարանը արձանագրել է բավական լավ արդյունք (50% առաջադիմության որակ): Մասնավորապես շեշտեց այն, որ թեստի վերլուծությունից պարզ է դարձել, որ եթե աշակերտը գիտի թեման, ապա գիտի հիմնավոր, այսինքն իմացած գիտելիքը կարողանում է կիրառել, համադրել, եզրակացություններ անել: Սա նշանակում է, որ աշակերտների մեծ մասը ոչ թե պարզապես անգիր է անում, այլ կուտակում է հիմնարար գիտելիք:
Թեստի կառուցվածքի յուրահատկությունն այն էր, որ այն բաղկացած էր պնդումներ պարունակող 10 առաջադրանքներից, որոնց կատարման համար աշակերտը նախ ճիշտ կամ սխալ պնդման ընտրություն պիտի կատարեր,պատասխաներ հարցին,ապա հիմնավորեր իր տված պատասխանը: Այս թեստի նպատակը, ըստ թեստաբանի, աշակերտի գիտելիքի ստուգումն է 3 տարբեր մակարդակներով, ինչպես նաև պատահական նշումներով դրական գնահատական ստանալու բացառումն էր: