Ավետիսյան դպրոցում դարձյալ ուսումնական եռուզեռ է: Ահա 11-րդ «ա» դասարանի գրականության հերթական դասը (ուսուցիչ՝ Լ.Բախշյան), ավելի ճիշտ՝ դաս-դատավարությունը, քանի որ ամբողջ 45 րոպե քննվում էր Սառան ընդդեմ Ռուբեն Թուսյանի «հայցը»: Թե՛ հայցվոր և թե՛ պատասխանող կողմերը՝ իրենց փաստաբաններով, դատավորով, պետական մեղադրողով և անկախ դիտորդներով, «զինված» էին Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի յուրաքանչյուր տողով ու տողատակով, ՀՀ ՔՕ և Սահմանադրության համապատասխան հոդվածներով, և, իհարկե, պատանեկան անմիջականությամբ:

Դատավարությունն այնքան թեժ էր, որ ընթացքում երբեմն ջնջվում էր ժամանակի և տարածության սահմանագիծը: «Կողմերն» իրենց բորբոքուն հարցադրումներով, հակադիր դատողություններով, փաստարկներով և եզրահանգումներով վեր հանեցին վիպակում առաջ քաշված հոգեբանական-բարոյական հարցադրումների ամբողջական, նաև արդիական պատկերը:

Հումանիտար հոսքի այս խմբում անցկացված այս «դատավարության» ընթացքում իրենց նախնական գիտելիքները դրսևորելու հնարավորություն ունեցան նաև մեր ապագա իրավաբանները:

Իսկ երբ հնչեց դասավարտի զանգը, «անկախ դիտորդ» Մհերն ասաց.

— Ինչ ափսոս, որ դասը կարճ էր…