31 օգոստոսի, Ավետիսյան կրթահամալիր:
Ընդամենը մեկ օր հետո դպրոցի դռները լայնորեն կբացվեն նրա սաների առջև, և կմեկնարկի նոր՝ 2021-2022 ուստարին. հարկերն ու միջանցքները նորից կեռան պատանեկան ուրախ աղմուկից: Այդ ամենը՝ վաղը, իսկ այսօր հատկապես հուզումնալից օր է 66 փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դրել դպրոցական շեմքից ներս: Վաղվա տոնական հանդիսությունից մեկ օր առաջ կրթօջախի ղեկավարության հրավերով նրանք ծնողների ուղեկցությամբ մտան դպրոցի շեմքից ներս: Այստեղ նրանք ծանոթացան իրենց ապագա ուսուցիչների հետ, երկրորդ դասարանի աշակերտները շնորհավորանքի մաղթանքներ հղեցին նորընծա սաներին և նրանց փոխանցեցին իրենց «Այբբենարան»-ները:
Հուզված փոքրիկներին շնորհավորանքի խոսք ասաց կրթահամալիրի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը: Նա մաղթեց խանդավառ մեկնարկ և հետագա ջանասեր աշխատանք, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրողությունները և պարտականությունները:
Հնչեց զանգը, և առաջինդասարանցիներն իրենց դասվարների ուղեկցությամբ մտան իրենց դասարաններ:
Իսկ այդ նույն ժամանակ հարևան դասասենյակներում ամառային արձակուրդից հետո իրենց գիտելիքները կրկնում ու թարմացնում, առաջին փորձնական դասերն էին անում տարրական մյուս դասարանների աշակերտները:
1 սեպտեմբերի:
Եվ նորից ծփում է Ավետիսյան դպրոցի բակը. դպրոցական համազգեստներով պատանիներ ու աղջիկներ՝ արևավառ, կարոտած և հուզված, նրանց կողքին՝ գործնական, բայց և ժպտադեմ ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարարի հրամանով տրվել է նոր ուստարվա մեկնարկը: Կրթահամալիրը գրկաբաց ընդունում է իր 670 սաներին: Տնօրեն տիկին Մ. Գեղամյանը հպարտորեն հիշատակում է 2020-2021 ուստարվա 33 շրջանավարտներին, որոնք, բոլորն անխտիր փայլուն քննություններ հանձնելով, դարձել են համալսարանականներ, ընդ որում նրանցից 6-ն ընդգրկվել են ուսման պետական (անվճար) համակարգում: Տասնյակ ավետիսյանցիներ անցած ուստարում մրցանակներ են բերել հանրապետական և միջազգային տարբեր մրցույթներից, դպրոցն արժանացել է Երևան քաղաքի օլիմպիական կենտրոնի II կարգի դիպլոմի:
Շնորհավորելով բոլորին նոր ուստարվա կապակցությամբ և բոլորին մաղթելով հարուստ գիտելիքներ և տքնաջան աշխատանք հանուն մեր հայրենիքի ապագայի՝ դպրոցի տնօրենը ևս մեկ անգամ հիշեցրեց անցած ուստարվանից դպրոցում կիրառվող հակավարակային սանիտարական քայլերը պահպանելու և շարունակելու մասին:
Հնչեց աշնան առաջին օրվա խորհրդանշական զանգը, և նրա ղողանջների հետ պատանեկան խնդուն ավյունը հորդահոս գետի նման լցվեց դպրոցի դռներից ներս:
Բարի՜ երթ…