Վարպետության դաս՝ բուսաբանական այգում
«Հայաստան ծառատունկ» ծրագրի (ATP) եւ Երեւանի բուսաբանական այգու համատեղ բնապահպանական ցուցահանդեսը կրում էր «Բնության դեսպաններ» խոսուն խորագիրը: Մասնակից երեք տասնյակից ավելի դպրոցներից եւ հասարակական կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացնում էր շրջակա բնությունը խնայելու եւ խնամելու, նրա պաշարները տնտեսելու եւ խելամտորեն օգտագործելու իր ծրագիրն ու աշխատանքի արդյունքը:
Բնական է, որ ցուցահանդես-էքսպոյի տաղավարներից մեկը զբաղեցրել էր Ավետիսյան դպրոցի էկոակումբի թիմը՝ ղեկավար Ծովիկ Մանուկյանի գլխավորությամբ:
Մեր բնապահպանները բուսաբանական այգի էին բերել թղթի թափոնից իրենց պատրաստած էկոգրիչներն ու էջանշանները, դպրոցական ճաշարանի թափոնի վերամշակմամբ ստացած կոմպոստը, դրա մեջ աճեցրած միկրոկանաչին, ինչպես նաեւ պատկերազարդ բուկլետներ միկրոկանաչիների աճեցման քայլերի, խնամքի, օգտակար հատկությունների մասին:
Ավետիսյան դպրոցի տաղավարը հատկապես մարդաշատ դարձավ օրվա երկրորդ կեսին, երբ մեր բնապահպաններն սկսեցին, այսպես ասած, «վարպետության դասը». բոլոր ցանկացողները հենց տեղում մասնակցեցին թղթի վերամշակմանը, իրենց ձեռքով պատրաստեցին էկոգրիչներ, էջանշաններ եւ դրանք որպես հուշանվեր տարան իրենց հետ:
Բնության ավետիսյանցի դեսպանները ցուցահանդեսից վերադարձան բուսաբանական այգու այցելության մեկ տարվա տոմսով, բնապահպանական խաղերով, գրականությամբ եւ, ինչն անչափ ուրախալի է, համագործակցության մի քանի առաջարկներով: