Երազանքի փուչիկներ, խաղաղության աղավնիներ, հուզմունք, շփոթմունք. այս ամենն, իհարկե, կար իններորդցիների վերջին դասերում: Սակայն յուրաքանչյուրում կար նաեւ ուրույն մի երանգ…

 

«Հրաշալի քառակուսին»

Ո՛չ, սա Աղասի Այվազյանի «եռանկյունին» չէր, թեեւ ուներ իր «դարբնոցն» ու իր «դարբինները»: Սա IX «բ» դասարանի «հրաշալի քառակուսին» էր՝ հարազատ դասասենյակը, որտեղ այդ նույն «դարբինների»՝ ուսուցիչների եւ ծնողների ներկայությամբ «Հասարակագիտություն» առարկայից ուստարվա վերջին դասն անցկացրեց դասղեկը՝ պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Զարուհի Ավետիսյանը:  Իններորդցիներն ամփոփեցին անցած տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները աշխարհի, կյանքի, պատմության, հայրենիքի հանդեպ պատասխանատվության, «անհատից մինչեւ մարդ» ճանապարհի, Մարդ մնալու եւ բազմաթիվ այլ գաղտնիքների մասին, պատմեցին իրենց ձեռքբերումների, հաջողությունների, երազանքների մասին, ցուցադրեցին իրենց ձիրքն ու շնորհքը՝ դասը համեմելով գեղեցիկ ասմունքով, պարով, երաժշտությամբ:

Օրինակելի ամփոփիչ դասն ավարտվեց:

 

Անակնկալ… մանկության մոլորակից

Գրեթե հասուն են IX «ա»-ի պատանիները. համենայն դեպս, իրենք այդպես են կարծում. ամեն ինչ՝ իրենք, իրենց ուժերով. քայլում, խոսում, երգում, նվագում են մեծավարի: Տ. Մանսուրյանի՝ «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտության ներքո (իրենց կատարմամբ) ոչ միայն պարում են, այլեւ հենց տեղում «վերնիսաժ» կազմակերպում եւ նկարակալների առջեւ կանգնած՝ սքանչելի դրվագներ նկարում անմոռաց ֆիլմից

Դասղեկը՝ Նարինե Մելիքյանն, իր հերթին, անակնկալ ունի. չէ՞ որ իր իններորդցիները միասին են… արդեն 12 տարի: Իսկ անակնկալը տարիների անցյալից է՝ նրանց մանկապարտեզի դաստիարակ Արեգնազ Կիրակոսյանի պատրաստած տեսահոլովակը: Իններորդցիները ճանաչում են իրենց 3-4 տարեկանում, եւ հուզմունքից բացի ասես նոր միայն կարեւորվում է հասունանալու գիտակցությունը:

Նրանք հասկանում են՝ ավարտվեց իրենց կյանքի եւս մի փոքրիկ փուլ:

 

Մրցանակները հանձնում է IX «գ»-ն

Որ դասերից բացի այստեղ մթնոլորտը հագեցած է արվեստով ու գեղեցիկով, եւս մեկ անգամ երեւաց միջին դպրոցի վերջին դասից:

Համախմբված դասղեկ Լուսինե Մարգարյանի շուրջ՝ իննի «գ»-ն կարողացավ լավ տրամադրություն եւ ջերմ սիրով լեցուն պահեր պարգեւել ինչպես սիրելի ուսուցիչներին, այնպես էլ ծնողներին ու հյուրերին:

Դաս-համերգի պսակը կազմեց ուսուցիչների «մրցանակաբաշխությունը», որն է՛լ ավելի ջերմացրեց մթնոլորտը: «Մրցանակակիրների» մասնագիտությունների մասին հուշում էին հենց անվանակարգերն ու մրցանակներն իրենք՝ «Ակտիվ քաղաքացի», «Իմ սրտի դաշնակահար», «Տարվա լավագույն Aurum» անվանակարգում՝ «Աստվածային դասեր անցկացնող ուսուցչուհի», «Սիրելի շքեղ Madam», «Ամենադիմացկուն», «Անգերազանցելի», «Սաթենիկի սիրելի ուսուցիչ», «Երազանքների բարի փերի»… եւ այսպես շարունակ:

Եվ դաս-համերգը վերածվեց դաս-տոնի: