Բանաստեղծի հուշատնից
Աշխատասենյակը՝ զարդարված Աբգար աղայից ժառանգած գորգերով, գրասեղանը՝ վրան շքեղակազմ Աստվածաշունչ, գաղտնապահարանը, թախտը, որի վրա հանգստանում էր՝ մտովի շարունակելով երկնել նոր տողեր, Բուդդայի հսկայական բրոնզյա գլուխը, կարմիր թավշյա լուսամփոփը, անձնական գրադարանը, որի 6000 գրքից փրկվել և մեզ են հասել ընդամենը 1422-ը…
1975-ին Երևանում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացումից ի վեր քանի՜-քանի հազար աչքեր են տեսել չարենցյան այս անկյունն ու այս նվիրական իրերը, որոնք իրենց խորքում պահում են բանաստեղծի խռովուն հոգու կայծն ու կրակը:
Իսկ այսօր հերթը Ավետիսյան դպրոցի 7-րդ «ա» դասարանինն էր. յոթերորդցիները բառի բուն իմաստով ըմբոշխնեցին չարենցյան մթնոլորտը:
Գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանը հիմա ավելի քան վստահ է՝ թեման յուրացվեց գերազանց: