Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնը եւ «Հայ կրթութիւն» Հիմնադրամի «Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան» կրթահամալիրը Նոյեմբերի 21-ին Համալսարանի բանասիրական բաժանմունքում կազմակերպել էին հանդիսութիւն՝ նուիրուած բանաստեղծ Զարեհ Խրախունու 90 ամեակին:
Նախ, բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնի տնօրէն, ամբիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը: Նա շեշտադրեց այն, որ գրականութեան մէջ այսօր փոխւում, տեղաշարժեր են կատարւում ճանաչողական, իմաստային, գեղագիտական առումներով, շատ ու շատ գրողներ երեւում են նոր լոյսի տակ: Եւ սա փոխանցւում է նորագոյն սերնդին՝ թէ՛ ուսանողութեանը, թէ՛ աշակերտներին: Դա վերաբերում է նաեւ Սփիւռքի գրամշակութային ընկալմանը եւ նրա գլխաւոր արմատ Պոլսին, որի բանաստեղծներից Զարեհ Խրախունին դիմագիծ հաղորդեց իր սերնդին: Եւ ուրախալի է, որ հայրենի ոչ միայն աւագ, այլեւ նոր ու նորագոյն սերունդն է սիրով հաղորդւում բանաստեղծական այս որակին:
Ապա ձայնը տրուեց հիւրերից արձակագիր, գրականագէտ Ֆելիքս Բախչինեանին, ով իր հանգամանալից խօսքում ծանրացաւ Զ. Խրախունու բանաստեղծական յատկանիշների վրայ: Կենտրոնի մեթոդիստ եւ ամբիոնի ասիստենտ Քնարիկ Աբրահամեանի ելոյթը նուիրուած էր Զարեհ Խրախունու խորհրդանշանների համակարգին եւ ազատութեան փիլիսոփայութեան ընկալմանը: Բանասիրական բաժանմունքի մագիստրատուրայի հեռակայ բաժնի երրորդ լսարանի ուսանող, հալէպցի Սօսի Միշոյեանը քննութեան առաւ Զարեհ Խրախունու բանաստեղծութեան ազգային երակը:
Այս հանդիսութեան մեխը կազմեցին ուսանողներն ու աշակերտները, որոնց միասնական տեւական նախապատրաստութիւնը համ ու հոտ հաղորդեց, ամբողջացրեց Զարեհ Խրախունու պոեզիայի հմայքը: Արտասանութիւններով ու երաժշտական կատարումներով հանդէս եկան բանասիրական բաժանմունքի ուսանողներ Սեդա Ասլանեանը (մագիստրատուրա 1-ին լսարան), Ալէօնա Դումիկեանը (երրորդ լսարան), Հայկանուշ Մելիքսէթեանը (երրորդ լսարան), Գոհար Երուանդեանը (առաջին լսարան), «Աւետիսեան» դպրոցի սաներ՝ տասներորդցիներ Էլէն Բահրիկեանը, Մարիամ Սեդրաքեանը, Թագուհի Սիմոնեանը, տասնմէկերորդցի Նուէր Պետրոսեանը, ով մարմնաւորում էր բանաստեղծի կերպարը: Գեղարուեստական մասը «Հարցում՝ կռունկի թեւերուն» բանաստեղծութեամբ եզրափակեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտի հայցորդ, ասմունքող, գեղարուեստական յայտագրի պատասխանատու Գարունա Երանոսեանը, որի ատենախօսութեան թեման պոլսահայ քնարերգութիւնն է:
Հանդիսութիւնն անցաւ ջերմ ու յուզումնալից մթնոլորտում: Արդէն աւարտից յետոյ, սիրոյ սեղանի շուրջ, իր բարձր տպաւորութիւնը արտայայտեց բանասիրական բաժանմունքի դեկան Աշոտ Գալստեանը, ով ընդգծեց, որ այս նախաձեռնութեան արդիւնքում է, որ այսօր ունենք համալսարան-դպրոց համագործակցութեան հրաշալի օրինակ: Իսկ տնօրէն Մելանիա Գեղամեանը յոյս յայտնեց, որ իր սաներից շատերի համար նմանօրինակ նախաձեռնութիւնները կողմնորոշման նախադուռ են: