Մեր բերքը հասել էր… մայիսին

«Հայաստան ծառատունկ» ծրագրի (Armenia Tree Project) հայտարարած մրցույթից Ավետիսյան դպրոցի էկոակումբը վերադարձավ լուրջ հաղթանակով: Թիմը լավագույնն էր «Ամենահետազոտող էկոակումբ» անվանակարգում:

Պատանի բնապահպանները՝ էկոակումբի ղեկավար Ծովիկ Մանուկյանի հետ կողք կողքի եւ նրա անմիջական խորհուրդներով, դեպի այս հաղթանակն էին քայլել շուրջ մեկուկես տարի:

Աշխատել էին համբերությամբ, բնության հետ համաքայլ. դպրոցական ճաշարանի թափոնների վերամշակմամբ ստացել էին սեփական կոմպոստ, դրա վրա աճեցրել էին միկրոկանաչի, որով իրենց պատրաստած համեղ եւ առողջարար կոկտեյլով հյուրասիրեցին մրցատյանին՝ ժյուրիին, նաեւ ներկայացրին պատկերազարդ բուկլետ միկրոկանաչիների աճեցման քայլերի եւ խնամքի, դրանց օգտակար հատկությունների մասին:

Ավետիսյանցիները թղթի թափոնից պատրաստել էին էկոգրիչներ եւ էջանշաններ, որոնք սիրով նվիրեցին ներկաներին:

Այլ խոսքով՝ ավետիսյանցի էկոակտիվիստներն ապացուցեցին՝ միշտ չէ, որ բերքի հասունացմանը պետք է սպասել մինչեւ աշուն:

Կեցցե՛ք: Այդպես շարունակե՛ք: