Իր գեղեցիկ ելույթով հասակակիցներին շատ հաճելի պահեր պարգեւեց Ավետիսյան դպրոցի թատերախումբը: Նրա ղեկավար, ճանաչված բեմադրիչ եւ գրող Հակոբ Միքայելյանն այս թատերաշրջանում խումբ էր ձեւավորել միջին դասարանների խոստումնալից շնորհալիներից, ովքեր բեմական արվեստի նկատմամբ սեր տածելուց բացի ունեն նաեւ ստեղծագործելու ունակություն:
Պատանիները ներկայացրին հինգ պատկեր, որոնցից երեքը պարզապես անակնկալ էին ներկաների համար: Թումանյանի սիրված հեքիաթներից «Անխելք մարդը» եւ «Կիկոսի մահը» ուրույն ոճով բեմականացնելուց հետո մատուցվեց նաեւ անակնկալը՝ երեք բեմական մանրապատում, որոնց հեղինակները հենց իրենք՝ փոքրիկ դերասաններն էին: Նրանց հուզել էին արդիական եւ հավերժական շատ թեմաներ՝ ազնվությունից ու ճշտախոսությունից մինչեւ նպատակասլացություն, բարիություն եւ ազատություն:
Պատանի դերասաններն արժանացան դահլիճի համերաշխ, բուռն ծափերին եւ դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի գովասանագրերին: