ՀԱՐՑ – Ինչպիսի՞ն է եղել և հիմա ինչպիսի՞ն է «քո» Թումանյանը:

ՄԻԼԵՆԱ – Թումանյանն իմ կյանք է մտել տատիկիս պատմած հեքիաթներով: Երբ շատ փոքր էի, անվերջ լսում էի, փորձում հասկանալ հերոսների արարքները, ինձ էի պատկերացնում հեքիաթի հերոս: Նույնը շարունակվեց ցածր դասարաններում: Հիմա իմ կյանքում «Թումանյանի ժամանակը» այլ է. հիմա ինձ հիացնում են նրա հերոսների խոր ապրումները, բնականությունը և հեղինակի վարպետությունը դրանք ճշգրտորեն ներկայացնելիս: Ինձ համար Թումանյանը դարձավ մարդկային հոգու գիտակ, ներհուն փիլիսոփա: Պաշտում եմ նրա քառյակները:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ − Փոքր տարիքում պարզապես անգիր արած մի արտահայտություն էր՝ «Ամենայն հայոց բանաստեղծ»: Հիմա, երբ արդեն շատ ավելի խորն եմ ճանաչում Թումանյան բանաստեղծին, հային, քաղաքացուն, նա ինձ համար իրո՛ք Ամենայն հայոց բանաստեղծն է: Հաճախ ցանկություն է առաջանում ետ տալ ժամանակը և տեսնել Նրան:

ՀԱՐՑ − Եթե հանկարծ հանդիպեիր Թումանյանին…

ՄԻԼԵՆԱ –Սկզբում ես մի քանի րոպե անխոս կքայլեի նրա հետևից, հետո կողջունեի և վստահ, որ ինձ չի մերժի, ու առանց մտածելու, թե մոտ ժամանակներս  «Գրական վերնատան» պարապմունք ունե՞նք, թե՞ ոչ, կհրավիրեի մեր նոր «Վերնատուն»: Ի՞նչը կարող է պատճառել ավելի լիակատար բավականություն, քան Թումանյանը՝ իր նոր «Վերնատանը», և մեր պարապմունքը՝ իր իսկ ներկայությամբ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ես նախ սրտանց շնորհակալություն կհայտնեի իր թողած հարուստ ժառանգության համար. կասեի, որ մեր գրականությունն աշխարհին անհայտ մի գանձարան է, իսկ ինքը՝ այդ գանձարանի ամենաթանկ մարգարիտներից մեկը: Ես նրան կառաջարկեի միասին թեյ խմել և զրուցել գրականությունից:

ՀԱՐՑ − Կա՞ թումանյանական այնպիսի միտք, որը դաջվել է քո հոգում:

ՄԻԼԵՆԱ – «Գործն է անմահ, լա՛վ իմացեք»… Շատ գրողներ են գրել մարդու գործի կարևորության մասին, բայց այսքան պարզ, միևնույն ժամանակ այսքան խորը Թումանյանն է ներկայացրել դրա էությունը: Եվ ամեն ինչում է նա այդպիսին: Գիտե՞ք՝ քիչ չի պատահել, երբ իմ դասընկերներից մեկնումեկը հանպատրաստից Թումանյանի որևէ դիպուկ տող է արտասանել՝ տվյալ իրավիճակին ու պահին շատ պատեհ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինձ համար դա «Հե՜յ, ագահ մարդ, հե՜յ, անխելք մարդ» տողով սկսվող քառյակն է: Նրա դիպուկ և սուր ամեն մի բառն անընդհատ պտտվում է իմ գլխում և հիշեցնում, որ մարդկային կյանքը շատ կարճ է, իրականում ժամանակ չկա այլոց հարստությանը նայելու: Մարդը պետք է ապրի սեփական կյանքով և իր հոգում տեղ չտա նախանձին ու չարին: