Մեր իրականության մեջ այսօր առավել, քան երբևէ, ծառացած է այս հարցադրումը. չէ՞ որ նրանից, թե ովքեր են թիավարելու դեռևս անորոշության մեջ խարխափող մեր նավը, կախված է ամբողջ ազգի, ամբողջ երկրի ապագան:

Այս ոգով և տրամադրությամբ անցավ Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիների և ուսուցչակազմի հանդիպումը CivilNet.am կայքի քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ: Ներկայացնելով հյուրին՝ ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը տեղին համարեց նշել, որ պարոն Հակոբյանը դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ից մշտական բնակության է տեղափոխվել Երևան՝ գիտակցելով, որ այստեղ է իր տեղը, և հայրենիքն է իր զավակների ապահով մանկության վայրը:

Ինչպիսի՞ն պետք է լինի լավ առաջնորդը: Հանգամանորեն խոսելով լավ առաջնորդի անձնային որակներին առաջադրվող պահանջների մասին՝ բանախոսը առանձնացրեց մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնք են՝ իրավիճակի սթափ գիտակցում, պատասխանատվության ստանձնում թե՛ հաջողության և թե՛ անհաջողության համար, անաչառություն, սեփական սխալն ընդունելու, հակադիր տեսակետը լսելու և քննարկելու կարողություն։ Թե՛ բանախոսը և թե՛ դահլիճը միասնական կարծիքի էին՝ լավ առաջնորդի մեծագույն թշնամիներ համարելով անսկզբունքայնությունը, հանդուրժողականությունն ու հարմարվողականությունը:

Ոչ միայն «ի՞նչ», այլև «ինչո՞ւ» և «ինչպե՞ս». հարցեր, որոնք հուզում են բոլորիս, անշուշտ, նաև ավետիսյանցիներին: Հարցեր, որոնցից երբևէ չի խուսափել CivilNet.am կայքը և 2011 թվականից ի վեր տասնյակ շոշափելի արդյունքներով ապացուցել է, որ միայն հստակ հարցադրմամբ է հնարավոր գտնել ճիշտ պատասխանը, ինչի շնորհիվ նվաճել է իր լսարանի անգնահատելի վստահությունը:

Ուրախությամբ պետք է փաստել, որ պարոն Է. Հակոբյանի վերլուծությունը չվերածվեց միակողմանի դասախոսության. հատկապես ավագ դպրոցականներին հուզող հարցերը և հնչեցրած առողջ դատողությունները, խորիմաստ մտքերը մեկ անգամ ևս վկայեցին, որ դահլիճում անտարբեր մարդ չկար, ինչը հանդիպման վերջում հիացմունքով փաստեց բարձրարժեք հյուրը:

Հավատում ենք, որ Ավետիսյան դպրոցի դահլիճում այդ ժամին հավաքված պատանիների մեջ էին մեր ապագայի լավագույն առաջնորդները: