Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի կարևոր արժեքներից  է շրջակա միջավայրի պահպանումը: Դպրոցի ամբողջությամբ  կանաչապատ տարածքը սրա վառ ապացույցն է:  Կրթահամալիրի  աշակերտները մեր կանաչ դպրոցի օրինակով վաղ տարիքից գաղափար են կազմում  աղբի վերամշակման, էներգիայի  խնայողության, շրջակա միջավայրի պահպանման մասին:  Այս ամենը նկատի ունենալով՝ մեր սաները չէին կարող չմասնակցել դեկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգում կազմակերպված «Ապրող ծառ»  միջոցառմանը, որին մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների շուրջ 500 աշակերտներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց  «Ապրող ծառ»  միջոցառումը, որի նպատակն էր առաջիկա տոներն անցկացնել առանց բնությանը վնաս հասցնելու:
Միջոցառմանը մասնակցող աշկերտների ցանկությունն էր մարդկանց ցույց տալ և համոզել, որ կարելի է Ամանորին մեր տներն ու քաղաքը զարդարել՝ չվնասելով մեր բնությունն ու շրջակա միջավայրը: Ժյուրի կողմից սահմանված որոշակի կոնոններին հետևելով մեր դպրոցի վեցերորդ և յոթերորդ դասարանների սաները դպրոցի տնօրենության և ուսուցիչների օգնությամբ հին ամսագրերի թերթերից պատրաստեցին տոնածառ, սկավառակներից՝ գունեղ խաղալիքներ, բամբակե ձնեմարդ, որը ոչնչով չէր զիջում իսկականին:
Աշակերտները, իրենց պատրաստած յուրօրինակ զարդարանքներով ոգևորված, որոշեցին իրենց բնակարանները ևս պճնել «էկո» տոնածառերով և  այլ ՝ բնության համար անվնաս զարդարանքներով:
Այս միջոցառումը նպաստեց  դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը: