Հիմնավոր, համալսարանական կրթությունն այլընտրանք չունի: Այս համոզմունքն ամրապնդվեց օրվա ինքնատիպ հյուրի՝ Բեյրութի Հայ Ավետարանական Կենտրոնական վարժարանի տնօրեն տիկին Մարալ Դեյիրմենջյանի հետ բարձրդասարանցի ավետիսյանցիների հանդիպման արդյունքում:
Հարգարժան հյուրի առաջին իսկ բառերն առաջացրին դահլիճի համակ ուշադրությունը, քանզի զրույցի թեման ավելի քան սրտամոտ էր պատանիներին. հախուռն կերպով նրանց կյանք ներխուժած տեղեկատվության բազմազան մեդիա-սկզբնաղբյուրները, վայրկենական մատնահպումով տալով այդ պահին նրանց փնտրած պատասխանը, գիտելիքի աղբյուրի խաբուսիկ տպավորությամբ իրականում շեղում են հիմնավոր ուսման արժեւորումից:
Սոցիալական ցանցերից մինչեւ արհեստական բանականություն. ինչքանո՞վ են դրանք նպաստում տրամաբանելու ունակության, քննադատական մտածողության, զգացական իմաստության ձեւավորմանը եւ զարգացմանը: Հարց, որի շուրջ արժե լրջորեն խորհել, քանի որ հենց այդ հատկություններն են անհատի կայացման վճռորոշ կռվանները թե՛ նրա անձնական աճի եւ թե՛ ամբողջ երկրի ապագայի համար: Հիշենք, որ այսօր առավել, քան երբեւէ մեր հայրենիքը պետք ունի հենց այդպիսի սերնդի՝ տրամաբանող, վերլուծող, ինքնուրույն եզրահանգումներ անող, կարեկցող:
Ամենեւին չնսեմացնելով տեղեկատվության արդի միջոցների տեղն ու դերը՝ տիկին Մ. Դեյիրմենջյանը համոզիչ փաստարկումներով հաստատեց հիմնավոր, վստահելի գիտելիքների անփոխարինելի ուժը: Լինել խելացի, բայց միաժամանակ նաեւ իմաստուն՝ կուտակած գիտելիքների զինարանը ծառայեցնելով միայն բարուն եւ բարօրությանը: Նրա հորդորը համոզիչ էր, հագեցած աստվածաշնչյան դիպուկ եւ տպավորիչ օրինակներով:
Հրաժեշտից առաջ աղոթեցինք միասին՝ Ավետիսյան դպրոցի, նրա յուրաքանչյուր սանի եւ ուսուցչի, մայր Հայաստանի, ի սփյուռս աշխարհի ամեն մի հայի եւ համայն մարդկության բարօրության համար: