Հրաժեշտից առաջ
Ավարտվեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների մանկավարժական կիրառական (ակտիվ) պրակտիկան Ավետիսյան դպրոցում: Ապագա բակալավրերը կրթահամալիրի հայագետ մանկավարժների օժանդակությամբ եւ առաջնորդությամբ փորձեցին գործնականում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Նրանցից Անուշ Պետրոսյանը հրաժեշտից առաջ 8-րդ «ա» դասարանի աշակերտների ուժերով բեմադրեց Դերենիկ Դեմիրճյանի «Համառոտ նախագահություն» (ըստ Ալ. Շիրվանզադեի անավարտ պիեսի) կատակերգությունը:
Թե՛ դասերի եւ թե՛ փորձերի ընթացքում պրակտիկանտի եւ իր սաների կողքին էր նրանց խրատատուն, դասղեկը, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը՝ Լիլիթ Բախշյանը: Ինչ խոսք, նաեւ դրա շնորհիվ պատանի դերասանների խաղը հնարավորինս բնական էր եւ անկեղծ, խոսքը՝ սահուն եւ գրագետ: