Զորավար Անդրանիկի թանգարանում ամփոփեց «Հայոց պատմություն» առարկայից «Ազատագրական պայքարի վերելքը. Հայդուկային շարժումը» թեման Ավետիսյան դպրոցի XI «ա» դասարանը (պատմության ուսուցչուհի՝ Շ. Բաբայան, դասղեկ՝ Ն. Մարգարյան):
Աղբյուր Սերոբ, Մեծն Մուրադ, Գեւորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Գուրգեն, Վազգեն, Անդրանիկ, Արաբո… Անուններ, որոնք փրկության հույս եւ խորհրդանիշ են եղել աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականության տարիներին ամբողջ արեւմտահայության համար: Անձնվեր հերոսներ, ովքեր ընկել են զենքերը ձեռքերին՝ հանուն հարազատ ժողովրդի փրկության:
Զորավար Անդրանիկը այդ պայքարը շարունակեց նաեւ կազմակերպված կամավորական ջոկատներում:
Թանգարանի ցուցանմուշներն ավելի քան խոսուն էին՝ անձնական իրեր, հայդուկային զինատեսակներ, լուսանկարներ, քարտեզներ, քանդակներ, հրատարակություններ… Շրջելով Անդրանիկի հետքերով՝ կես դար առաջ դրանք մեկ առ մեկ հավաքել, Երեւան էր հասցրել թանգարանի հիմնադիրը՝ երջանկահիշատակ բանասեր Իլյիչ Բեգլարյանը: Եվ դրանց ծանոթանալը, մեր արդար պայքարի մաքառումներով լի ուղուն «մոտիկից» հետեւելը, մեր ֆիդայիների կյանքից թանգարանի զբոսավարի ուշագրավ պատմությունները ամբողջացրին թեման… 21-րդ դարում ծնված հայ սերնդի համար մեր անվեհեր հայդուկապետների անցած ճանապարհը դարձավ ավելի պարզորոշ, գրեթե շոշափելի:
Այնուհետեւ ավետիսյանցիները շրջեցին նաեւ Կոմիտասի անվան պանթեոնում՝ կոմիտասյան երգով, ասմունքով հարգանքի տուրք մատուցելով այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին:

