Մայիսի 2-ին «Ավետիսյան» դպրոցը Հայ ավետարանչական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Մեր դպրոցի ասմունքի և թատերական խմբակների աշակերտների մասնակցությամբ բեմադրվել էր թատերական ներկայացում (բեմադրիչ` Հակոբ Միքայելյան):
Նախ ելույթ ունեցան մեր ասմունքի խմբակի տաղանդաշատ աշակերտները` ներկայացնելով եղեռնասպան հայ գրողներ Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի`Մեծ եղեռնի ահազարհուր տեսարանները ներկայացնող մի քանի ստեղծագործություն: Խմբակի սաները հատվածներ արտասանեցին նաև Պ. Սևակի կոթողային աշխատությունից` «Անլռելի զանգակատուն» պոեմից:
Ասմունքի խմբակի ելույթին հաջորդեց թատերական ներկայացումը: Բեմադրիչ, դրամատուրգ Հակոբ Միքայելյանը բեմականացրել էր արևմտահայ նշանավոր գրող Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց»-ը: Աշակերտները ստացան հայրենասիրության հերթական դասը, այն է` միշտ պետք է պատրաստ լինենք զենքով դիմակայելու մեր նենգ թշնամուն: «Խոհեմութիւնը զէնքին մէջն է»:
Թատերական խմբակի մեր տաղանդաշատ աշակերտները հանդիսատեսին գերեցին իրենց վստահ ու գեղեցիկ խաղով:
Մեր սաների խանդավառությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայը միշտ պահանջատեր է, շարունակելու է միշտ հիշել ու պահանջել:
