Կրթության փորձագետը՝ Ավետիսյան դպրոցում

Ավետիսյան դպրոցի մանկավարժներն ունեն իրենց վստահելի եւ խորագիտակ խորհրդատուները, ում հետ մշտապես կարող են քննարկել օրախնդիր դարձած ցանկացած հարց, փնտրել պատասխան, լուծման բանալի:

Այդպիսի վերջին հանդիպումը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ էր:

Զրույցի թեման էր հանրակրթության ոլորտում հեղափոխական, նորարարական փոփոխությունների խորքի վրա կրթության եւ մասնավորապես ուսուցչի առջեւ հայտնված մարտահրավերների քննարկումը, նորագույն տեխոլոգիաների սրընթաց տարածման պայմաններում ուսուցչի տեղի եւ դերի, մարդկային գործոնի արժեւորումը:

Թեման դահլիճին ավելի քան սրտամոտ էր եւ, բնականաբար, ընդլայնվեց:

Փորձագետի խոսքը ծավալվեց արհեստական բանականությունից մինչեւ դպրոցական դասագրքերի նախնական փորձարկման անհրաժեշտություն, կրթության համաշխարհային նորագույն փորձից մինչեւ գործընթացում յուրաքանչյուր բառի կարեւորում եւ կենսաբանական սահմանափակումների հաղթահարում:

Քննարկումն աշխույժ էր եւ շահագրգիռ, սակայն հասկանալի էր, որ լոկ մի հանդիպման շրջանակում ասելիքն անհնար էր սպառել: Ուստի օր առ օր նորություններով ներբեռնվող կրթական գործընթացին համաքայլ գնալու համար ակնկալում ենք նման հանդիպումների շարունակելիությունը: