Հոկտեմբերի 17-ին Ավետիսյան դպրոցը տնօրենի նախաձեռնությամբ հյուրընկալել էր Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանին և ժամանակակից երիտասարդ գրողների՝ արձակագիր Մարիամ Խուրշուդյանին, բանաստեղծներ Սուսաննա Ղազարյանին ու Տարոն Գլակին:
Բացման խոսքում Ա. Ափինյանը նշեց, որ ինչպես պոեզիայում, այնպես էլ արձակում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գործեր, և այս հանդիպման նպատակն է ընթերցողին ներկայացնել արդի հայ գրականությունը, ինչպես նաև կոչ անել կարդալ ոչ միայն դասական, այլև ժամանակակից գրողներին:
Գրական հանդիպման ընթացքում ծավալվեց բուռն և հետաքրքիր քննարկում, հնչեցին երիտասարդ հայ գրողների ստեղծագործություննները՝ հեղինակների և դպրոցի բարձր դասարանների աշակերտների կատարմամբ: Իր «Կարոտ» բանաստեղծությունը ներկայացրեց Ավետիսյան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը:
Հրաժեշտից առաջ Ա. Ափինյանը դպրոցի գրադարանին նվիրեց ժամանակակից հայ երիտասարդ հեղինակների գրքերից: