Դահլիճում տիրող աշխույժը ավելի քան հասկանալի էր. չէ՞ որ բեմում հենց ավետիսյանցի հանդիսատեսների հասակակիցներն էին՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի մշակութային կենտրոնի «911» թատերախմբի շնորհալի երեխաները:

«Հեռո՛ւ մնա Աղետիկից». այսպես էր կոչվում ուսումնադաստիարակչական երաժշտական ներկայացումը, որը երգով, պարով, ծիծաղով ու կատակներով սովորեցնում էր աղետներից հեռու մնալու, իսկ դրանց առաջանալու դեպքում էլ՝ պաշտպանվելու ձևերը: Եվ իրենց իսկ ծափերի ուղեկցությամբ փոքրիկ հանդիսատեսներն անչափ բնականորեն սովորում էին էլեկտրական սարքերից, կենցաղային իրերից, կտրող կամ ծակող գործիքներից, կրակից առաջացող աղետներից խուսափելու կամ պաշտպանվելու ձևերը, նաև՝ թե ինչպես վարվել բնական աղետի դեպքում:

«911» թատերախումբը (գեղ. ղեկավար՝ Քնարիկ Զաքարյան, փորձավար՝ Սուսաննա Աբրահամյան) ընտրել էր մանուկների մտքին ու հոգուն հասնելու ամենամատչելի ուղիներից մեկը՝ թատերարվեստը, թեման՝ մանր աղետները, և տարիքը՝ մանկությունը:

Որպեսզի մի օր մանր աղետը չվերածվի մեծի: