«Ես իմ անուշ Հայաստանի»

Այս խորագրի ներքո մրցույթ անցկացվեց Ավետիսյան դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների հավաքական թիմերի միջեւ (հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ՝ Ն. Սահակյան, Կ. Իշխանյան, Զ. Սարգսյան): ԱՅԲ, ԲԵՆ եւ ԳԻՄ թիմերի մրցավեճը դարձավ իսկական ձոն հայերենին եւ հայկականին:

Թիմերը մրցեցին հայագիտական բազմաբնույթ գիտելիքներով՝ հայ մեծերի ասույթներից մինչեւ ժողովրդական խրատանի, օտարների՝ հայերենին տված գնահատականներից մինչեւ հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ:

Մրցատյանը բարձր գնահատեց հատկապես երկրորդ փուլը՝ Մեծ Հայքի 15 աշխարհներով, հայոց տոմարով, պատմական մայրաքաղաքներով, դրախտի գետերով, հայկական խորհրդանիշներից խաչքարի, լավաշի եւ նռան գովազդով:

Երաժշտական ընդմիջումից հետո յուրաքանչյուր թիմ ներկայացրեց հայ անվանի արվեստագետների իր եռյակը՝ գեղանկարիչ, բանաստեղծ, երգահան:

Այդ ամբողջ ընթացքում թիմերն իրենց գիտելիքներով համառորեն չէին զիջում միմյանց, եւ մրցույթի հաղթողը որոշվեց լրացուցիչ անակնկալ հարցով: Հաղթող ճանաչվեց ԱՅԲ թիմը (ուսուցիչ՝ Կ. Իշխանյան):

Արդյունքների ամփոփմանը հաջորդած իր դրվատական խոսքում կրթահամալիրի ակադեմիական դեկան տիկին Սարին Խաչիկյանը նշեց, իրականում մրցույթի առաջին րոպեից մինչեւ վերջ հաղթանակողը սերն էր առ մեր մայրենի լեզուն: