CaseKey Academy-ն եւ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան անցկացրին Հայաստանի ազգային բիզնես խնդիրների լուծման առաջին մրցույթը ավագ դպրոցի աշակերտների համար:

Առաջին անգամ 10-12-րդ դասարանների աշակերտները Հայաստանի բոլոր մարզերից հնարավորություն ունեցան վերլուծելու իրական բիզնես խնդիրներ, մշակել եւ մրցատյանին ներկայացնել ռազմավարություն։

CaseKey-ի մրցույթին մասնակցում էր 72 թիմ: Բոլոր թիմերին տրված էր միեւնույն գործնական խնդիրը, այն է՝մշակել ռազմավարություն՝ ինչպես կարող է ArmeniaMoney բանկը ընդամենը 18 ամսվա ընթացքում, զրոյից սկսելով, 18-22 տարեկան երիտասարդների համար դառնալ նախընտրելի բանկ:

Ծրագրի շրջանակում Ավետիսյան դպրոցի թիմերը, ի թիվս մյուսների, կատարել էին երիտասարդների ֆինանսական վարքագծի ուսումնասիրություն եւ շուկայի վերլուծություն, առաջարկել նորարարական եւ իրատեսական լուծումներ՝ ժամանակակից բանկային ծառայությունների եւ թվային գործիքների կիրառմամբ:

Լիովին անվճար այս մրցույթը հասանելի էր հանրապետության բոլոր դպրոցների համար, իսկ մրցանակային ֆոնդը՝ 2 միլիոն ՀՀ դրամ բաշխվելու էր լավագույն երեք թիմերի եւ նրանց դպրոցների միջեւ։

Մեր XI «գ» դասարանը ներկայացնող թիմը մտավ պատվավոր առաջին եռյակի մեջ: Շնորհավորում ենք եւ հպարտ ենք ձեզանով. կեցցե՛ք:

– Մրցույթը մեզ տվեց իրական փորձառություն՝ հասկանալու, թե ինչպես են կայացվում բիզնես որոշումները, ինչպես են զարգանում թիմային աշխատանքը եւ առաջնորդական հմտությունները,- ասում են հաղթող թիմի անդամներ, 12-րդ «գ» դասարանի աշակերտուհիներ Ջուլյա Մինասյանը եւ Արաքսյա Վարդանյանը:

Հուսանք, որ մրցույթի բովում կոփված գիտելիքները մեր աղջիկները հաջողությամբ կկիրառեն ինքնուրույն կյանքում: