«Բարդի»-ն հրավիրում է Ավետիսյան դպրոց

Այս առցանց խաղում օրական ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ. Մեծ Բրիտանիայում՝ Blockhead, Միացյալ Նահանգներում՝ Literati, Words With Friends, Իսպանիայում՝ Vocabulario puede, Ռուսաստանում՝ Балда: Ավետիսյան դպրոցի տարբերակն առկա բնույթ ունի եւ այն կրթօջախում ներդրած մանկավարժ Զ. Սարգսյանի առաջարկով կոչվել է «Բարդի» (5-տառանի հասարակ գոյական):

Արդեն 7 տարի

Խաղը Ավետիսյան դպրոց մտավ յոթ տարի առաջ: Սկզբում դա միջին դասարանների աշակերտների մեջ ընթերցանության սերը խթանելու, նոր բառեր սովորեցնելու հերթական մանկավարժական հնարք էր: Որովհետեւ, ինչպես ասում են, «Բարդի» խաղալ եւ նոր բառեր չյուրացնել նույնն է, ինչ որ ճանապարհորդել՝ առանց սենյակից դուրս գալու: Եվ կարդացած ու կարդացող, գրասեր ու գրագետ պատանի ավետիսյանցիների համար այն դարձավ ժամանցի նախընտրելի ձեւերից մեկը, արագորեն արմատներ գցեց նաեւ ավագ դպրոցում: Իսկ 2-3 տարի անց «Բարդի»-ով վարակվեցին գրեթե բոլոր «լեզվագետները»: Արդյունքը չուշացավ. հոմանիշներ, հականիշներ, նորաբանություններ, հնաբանություններ, մասնագիտական եզրույթներ, բառաստեղծում… դպրոցականների բառապաշարի հարստացումն ակնհայտ էր: Որոշ դասարաններում փորձում են նույն խաղը խաղալ նույնիսկ օտար լեզվով:

Առաջնություն

Վերջին երեք տարում դպրոցում անցկացվում է «Բարդի»-ի առաջնություն, որոշվում ուսումնական տարվա լավագույն թիմը: Նախ մայրենիի բառապաշարով իրենց ուժերն են չափում զուգահեռ դասարանների թիմերը, այնուհետեւ մրցում են հաղթողները: Խաղն ընթանում է քար լռության մեջ, քանզի դահլիճում պատահական դիտորդներ չեն լինում. միայն երկրպագու լեզվագետներն են, որ շունչները պահած հետեւում են էկրանի «խաղադաշտում» ձեւավորված հերթական բառին, հաշվում սիրելի թիմի վաստակած միավորը, իրենց համար կազմում մեկ այլ՝ նոր բառ: Չէ՞ որ դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի որոշմամբ հաղթող թիմը խաղալու է մանկավարժների ընտրանու հետ:

Ի դեպ, 2022 թվականից «Բարդի»-ն Ավետիսյան դպրոցի գեղեցիկ ավանդույթները հարստացրեց եւս մեկով. յուրաքանչյուր խաղից առաջ դպրոցի շնորհալի աշակերտների կատարմամբ հնչում են հայաշունչ կատարումներ՝ ասմունք, երգ, երաժշտություն:

Ոչ-ոքի. ո՞վ է մրցելու ուսուցչակազմի թիմի հետ

Այսպիսի ընթացքից եւ ընդգրկումից հետո զարմանալի չէր, որ 2022-2023 ուստարվա լավագույն թիմ այդպես էլ չառանձնացավ: XI եւ XII դասարանների ընտրանիների եզրափակիչ հանդիպումը, որն անցկացվեց քննաշրջանի նախօրեին, ավարտվեց ոչ-ոքի՝ 40:40 հաշվով:

Այնպես որ, պարգեւը դեռ սպասում է հաղթողին: Այս կացության մեջ XI-ցիների ընտրանին կատարեց ամենաճիշտ քայլը. մրցակիցներին հաջողություն մաղթելով առաջիկա ավարտական քննություններում՝ պատանի բառագետները հայտարարեցին, որ գալիք ուստարվա սկզբին հենց իրենք էլ՝ որպես աշակերտական հավաքական, դուրս կգան ուսուցիչների դեմ:

Ամռանը նրանք ժամանակ կունենան ավելացնելու կարդացած գրքերի քանակը եւ հարստացնելու իրենց բառապաշարը:

Երեւանի բոլոր դպրոցների բառագետնե՛ր, «Բարդի»-ն ձեզ սիրով հրավիրում է Ավետիսյան դպրոց: