Քիմիան կարող է… մտերմացնել
Այնքան էլ հաճախ չի պատահում, որ քիմիայի դասն անցկացվի ժպիտով: Բայց այս անգամ հակառակը պարզապես անհնար էր: Բանն այն է, որ մայիսի 31-ին «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի անդամներ Ավետիսյան եւ «Էվրիկա» դպրոցների 8-րդդասարանցիների՝ քիմիայից ուստարվա վերջին դասն անցկացվեց միացյալ կերպով: Դասը վարեց Ավետիսյան դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ծովիկ Մանուկյանը: Թեման ավելի, քան հետաքրքիր էր՝ «Անօրգանական նյութերի դասերը»: Տեսական նյութը աշակերտներն ամրապնդեցին հենց տեղում իրենց իսկ կատարած փորձերով:
Դասի ավարտին հասակակից պատանիներն ու աղջիկները հասցրել էին ծանոթանալ, ոմանք՝ նույնիսկ մտերմանալ: Եվ հրաժեշտի լուսանկարում հյուրերը՝ էվրիկացիները, եւ տանտերերը՝ ավետիսյանցիները, միախառնվել էին իրար:
Պարզվում է, որ քիմիայի զարմանալի հատկություններից մեկն էլ… մտերմացնելն է: