Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ավետիսյան դպրոցի պատանեկան խումբը Շուշան Ենգիբարյանի առաջնորդությամբ եւ մանկավարժներ Լիլիթ Բախշյանի եւ Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի: Նպատակը ավելի քան գեղեցիկ էր. պատանի ավետիսյանցիները Գյումրիի իրենց հասակակիցների հետ քննարկելու էին «Ի՞նչ է գեղեցիկը» թեման:

— Սկզբում մենք շրջեցինք Գյումրիով, որից հետո մեզ ջերմորեն դիմավորեցին Գյումրու Հայ Ավետարանական եկեղեցում, մեզ համար կազմակերպեցին հյուրասիրություն, շատ խաղեր խաղացինք, որոնց ժամանակ մրցանակներ շահեցինք, ձեռք բերեցինք նոր ընկերներ, հանդիպեցինք մեր ամառային ճամբարի ընկերներին եւ մեր ջոկատավարին, ում որ ճամբարային հանգստի ընթացքում հասցրել էինք շատ սիրել:

Իրար լրացնելով՝ իրենց անցկացրած բովանդակալից եւ հարուստ այցի մասին այսպես են պատմում Ավետիսյան դպրոցի սաներ Նարեն, Աննան, Անին, Ռաֆայելը՝ պատանյաց խմբից:

— Քայլեցինք Վարպետաց փողոցով, տեսանք մեր մեծերի տուն-թանգարանները եւ հուշատները, «Սուրբ Յոթ Վերք» եւ «Սուրբ Նշան» եկեղեցիները…

— Իմացանք, որ Հայաստանում առաջին տիկնիկային թատրոնը բացվել է Գյումրիում, տեսանք նրա շենքը, նաեւ Ալեքսանդրապոլի կենտրոնական բաղնիքը…

— Դիտեցինք ֆիլմ Գյումրու մասին, լուսանկարվեցինք Աբովյան փողոցում գտնվող Ծաղկանուշյան դպրոցի աստիճաններին…

Մանկավարժ Լ. Բախշյանը, ամփոփելով ավետիսյանցի դպրոցականների տպավորությունները, կարեւորեց այն, որ Գյումրիում անցկացված յուրաքանչյուր րոպեն արդյունավետ օգտագործվեց. թե՛ ծրագրով նախատեսված խաղերը, թե՛ շրջագայության երթուղին, այցերը, հանդիպումները եւ մանավանդ «գեղեցիկ» կատեգորիայի քննարկումը պատանիների առջեւ լայնորեն բացեցին մարդկային առաքինությունների եւ քրիստոնեական արժեքների անսպառ շտեմարանի դռները, դարձան եւս մեկ խթան նրանց հոգեւոր աճի ճանապարհին: