Գիրք նվիրելու երջանկությունը
Գիրք եւ Թումանյան, Թումանյան եւ գիրք. երկու անքակտելի հարստություններ, որոնք ամեն փետրվարի 19-ին մի առանձին հմայք են հաղորդում AMAA-ի Ավետիսյան դպրոցի ավանդական տոնակատարությանը, բացահայտում շնորհալիների, ընդլայնում աշխարհայացքներ, ձեւավորում ընթերցողական ճաշակ, ամրապնդում հայրենասիրության ոգին:
Ավետիսյան դպրոցի դահլիճում, որտեղ ավանդաբար նշվում են Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան եւ գիրք նվիրելու օրերը, դարձյալ ասեղ գցելու տեղ չկար:
Շատ-շատերի ձեռքին գրքի փաթեթներ էին: Նվիրում էին բոլորը բոլորին՝ դասընկերներն իրար եւ ուսուցիչներին, ուսուցիչներն իրար եւ սաներին եւ, իհարկե, բոլորը՝ դպրոցի գրադարանին:
Միջոցառման ավարտին գրադարանը հարստացավ եւս 115 արժեքավոր գրքերով՝ տարբեր ժանրերի, հեղինակների եւ ժամանակների, տարբեր լեզուներով: Ուսումնական տարվա լավագույն ընթերցողներն արժանացան տնօրենության պատվոգրին:
Օրն սկսվել էր «թումանյանական» հանդերձավորմամբ ամենափոքրիկ ավետիսյանցիների ներկայացմամբ եւ ավարտվեց սիրված քառյակներով: Ժպիտ կար բոլորի դեմքին: Իսկ բարձրախոսից անվերջ հնչում էին մի ամբողջ շաբաթ դպրոցական զանգին փոխարինած թումանյանական իմաստուն խոսքն ու հոգեպարար երաժշտությունը:
